News.am-ը գրում է․

Ֆինլանդիայի կառավարության զեկույցում սոցիալական խնդիրները երկրի ներքին անվտանգության հիմնական սպառնալիքն են անվանվել, հաղորդում է RG-ն՝ վկայակոչելով Yle ֆիննական տեղեկատվական պորտալը:

Փաստաթղթում պարզաբանվում է, որ երկրի անվտանգությանը սպառնում են հասարակության անհավասարությունը, բնակչության ծերացումը, կազմակերպված հանցավորությունը եւ կիբերհանցագործությունները: «Այս պահին ամենամեծ սպառնալիքը բնակչության որոշակի խավերի մարգինալացումն է, անկարգությունները, սոցիալականացման հետ կապված դժվարությունները եւ բազմաբնույթ խնդիրները»,- նշվում է պարբերականում:

Սուոմիի իշխանությունները մտադիր են հակազդել սպառնալիքներին՝ ավելացնելով ոստիկանության աշխատակիցների թիվը, ինչպես նաեւ ավելի սերտ համագործակցելով երիտասարդների հետ:

Ի դեպ, կառավարության զեկույցում նշվում է նաեւ, որ Սուոմիում կյանքը հիմնականում ավելի անվտանգ է դարձել, քան 1980-ականներին: Նվազել են բռնի մահվան դեպքերը, հրդեհները եւ մահվան ելքով պատահարները: Կառավարության զեկույցի համաձայն՝ ծանր հանցագործությունների բացահայտումը ներկայումս բարձր է, սակայն բավարար ռեսուրսներ չկան մանր հանցագործությունների բացահայտման եւ թաքնված հանցագործությունների չեզոքացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել