Իհարկե հասկանալի է, որ Հայաստանը չի կարող երբևէ խառնվել Ռուսաստանի ներքին գործերին, բայց գոնե այն հարցերում, որը առնչվում է մեր երկրի քաղաքացիներին, կարելի է «մեծ ախպոր» հետ նստել բանակցությունների և փորձել, թեկուզ ներքին հրահանգի ուժով, կարգավորել և մեր քաղաքացիների կյանքը առավել տանելի դարձնել Ռուսաստանում:

Խոսքը վերաբերվում է հատկապես այն ավազակային հարձակումներին, որին ենթարկում են հայկական պետ. համարանիշներով ավտոմեքենաների վարորդները՝ սկսած Վերին Լարսի անցակետից մինչև Կրասնոդարի երկրամաս ընկած ամբողջ ճանապարհահատվածում: Ակնհայտ կողմնապահությամբ պետավտոտեսուչները, ոստիկանները, միգրացիոն ծառայության աշխատակիցները, սանիտարական ստուգումների անհասկանալի կառույցները, զանազան պորտաբույծ հիմնարկներ աչքները չորս արած սպասում են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենայի, որպեսզի շորթեն հերթական «մաղարիչը», անգամ եթե վարորդները որևէ խախտում չունենան և հրեշտակի վկայական ներկայացնեն:

Ցանկացած ազգությամբ տեսուչը այնպիսի մաքուր հայերենով է պահանջում հերթական կաշառքը, որ հարազատական գորովանքդ անկարող ես զսպել: Մասնավոր զրույցներում նրանք բազմիցս փաստել են, որ այդ վերաբերմունքը առավելապես հայերի նկատմամբ է: Ինքնին հասկանալի է՝ ռուսները օգտագործում են հայերի՝ ցամաքով իրենց հարազատների հետ հաղորդակցվելու պատեհ առիթը և գումարներ են շորթում: Ցավալին այն է, որ այդ ամենը կատարվում է Ռուսաստանի իշխանությունների թողտվությամբ, հեռակա «դաբրոյով»...

Ցանկալի կլիներ, որ որևէ մակարդակով ՀՀ իշխանությունները փորձեին խնդրին լուծում տալ: Քանի որ մեր տնտեսական և քաղաքական ինքնիշխանության զգալի հատվածը ռուսական ազդեցության գոտում է, հայերի ընտանիքների մեծ մասն էլ մասնատված են՝ մի մասը այստեղ են, մյուս մասը՝ ՌԴ-ում, ուղղակի ստիպված ենք մեր քաղաքացիներին պաշտպանելու համար անգամ ներքին խաղի կանոնները մշակել Մոսկվայի հետ...
Մենք դրա բոլոր նախադրյալները ունենք...
Լավրովին մշտապես դիմել ենք Սերգեյ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել