Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, հակամարտության էությունը խեղաթյուրելու Ադրբեջանի փորձերին, ինչպես նաև կոչ է արվում Ադրբեջանին սադրիչ գործողությունների փոխարեն ջանքեր գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ ԼՂՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին նաև կոչ է անում չխոչընդոտել արտասահմանցիների մուտքը ԼՂՀ տարածք։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները բազմիցս իրենց խորը անհանգստությունն են արտահայտել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու Ադրբեջանի ստահոդ արշավի կապակցությամբ: Այս արշավը տարեցտարի ընդարձակվում է՝ ներկայացնելով կեղծիքների, սադրանքների և ռևանշիստական սպառնալիքների ավելի կատարելագործված մեթոդներ:
Նման քարոզարշավի ամենավերջին օրինակներից են Միավորված ազգերի կազմակերպությունում 2013 թ. հուլիսի 26-ի A/67/943-S/2013/442 նամակի տարածումը, որով կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ պետություններին զերծ պահել իրենց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» ԼՂՀ այցելելուց, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը: 41 երկրից 335 հոգուց բաղկացած այս ցուցակն ընդգրկում է խորհրդարանների անդամների, հայտնի հասարակական գործիչների, մշակույթի և արվեստի ներկայացուցիչների, լրագրողների, ուսանողների և զբոսաշրջիկների:
Այս կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ է համարում հայտարարել հետևյալը.
ԼՂՀ-ն անկախ պետություն է՝ իր բնակչությամբ, որը ոչ մի պարագայում չի կարող զրկվել մարդու հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, ինչպես դա ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածում, որում նշված է, որ «որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում»:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստեղծել է իր պետությունն իրականացնելով իր ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և Խորհրդային Միության գործող Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում: Իր ստեղծման առաջին իսկ օրից, ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ն բռնել է իր քաղաքացիների բոլոր իրավունքներն ու ազատություններն ապահովող ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին: ԼՂՀ ղեկավարությունը մտադիր է շարունակել հանրապետության և նրա ժողովրդավարական ինստիտուտների համապարփակ զարգացման քաղաքականությունը և բազմիցս պատրաստակամություն է հայտնել՝ հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Ի սկզբանե Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքակիրթ երկխոսության որևէ հնարավորություն և դիմել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության ուժային լուծման քաղաքականությանը՝ իրականացնելով էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հայաբնակ տարածքներում և սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ