Bravo.am-ը գրում է.

Պատերազմից հետո տեւական ժամանակ չէի կարողանում ոչ մի երգ լսել, հատկապես՝ հայրենիքին վերաբերող: 20 օր էր անցել, առավոտյան արթնացա ու շատ ծարավ մարդու պես մի քանի անգամ լսեցի Արթուր Գրիգորյանի «Իմ Արցախ» ստեղծագործությունը: Բայց «Արցախն» այս անգամ այլ կերպ էր հնչում, այլ զգացողությամբ էի լսում:

Պատերազմից 7 ամիս անց ես Երգի պետական թատրոնում եմ՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի սենյակում ռոյալի կողքին նստած: Ներս մտավ ու միանգամից․«Դե, դու գիտես՝ կյանքիս գլխավորն էր ու կարեւորը (Արցախը,-խմբ): Իսկ գիտե՞ս՝ այս ռոյալը որտեղից. Աղդամի երաժշտական ուսումնարանից։ Սա առաջին պատերազմից հետո են ինձ նվիրել»:

Մտքերս ի մի եմ բերում ու պատրաստած հարցերս դնում մի կողմ, պարզապես  զրուցում: Զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվում, արտասվում, անգամ մի պահ ընդհատում...

- Երգերս արդիական չեն արդեն, այլ կերպ են հնչում։ Խնդիրն այն է, որ ես իրենց  որպես երգ չեմ վերաբերվում: Տանել չեմ կարողանում, որ հայրենիքի համար տոնից տոն սուտ երգեր են գրում: Գրել եմ այն ժամանակ, երբ դաշնամուրը կանչել է ինձ, ու զգացել եմ, որ պետք է, կա:

- «Հավերժ հայրենիք» երգը գրվեց պատերազմի ընթացքում: Դաշնամուրը կանչե՞լ էր այդ ժամանակ:

- Չէ, այդ երգը գրվել է պատերազմից առաջ, պարզապես հանրայնացվեց այդ ժամանակ։ Պատմություն ունի այդ երգը։ Ալավերդիում եմ գրել։ Կոմիտասի հայտնի նկարը տեսա ու ինքս ինձ ասացի. «է՜, դու գժվել ես, ես ի՞նչ գժվեմ․․․»,  հետո գժվեցի ու գրեցի մեքենայի մեջ:


- «Արցախը»  գրվել է 1986թ.-ին, բայց պատերազմից հետո ինձ թվում էր՝ առաջին անգամ էի լսում։ Հատկապես, երբ համացանցում հայտնվեց դաշնամուրային Ձեր կատարումը. այլ հնչողություն ուներ:

- Ճիշտ ես, զգացողություններս այլ էին։ Ես էլ պատերազմից հետո որ լսեցի, ուրիշ Արցախ էր։


Պատերազմից  հետո չե՞ք գնացել Արցախ:

- Չէ, չե՛մ կարողանում: Ամսի 23-ին որոշել էի գնալ։ Առավոտյան զարթնեցի ու չկարողացա...

- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ վերջաբանն այսպես կլիներ:

- Գիտե՞ս, 1,5 տարի առաջ մանկական խումբ էի տարել Արցախ՝ ամանորյա միջոցառման: Հետ գալուց կանգնեցինք՝ հաց ուտելու։ Ու չգիտես՝ ինչու, սկսեցի սարերի վրա գոռալ... Չհասկացա: Զգում էի ինչ-որ մի բան, ասես վերջին անգամ էի տեսնում։ Տագնապի ուժեղ զգացում կար։

- Ձեր «ընկե՞րն» էր ասել (Բարձրյալը,- խմբ.), խոսե՞լ էիք իր հետ, ազդակնե՞ր էր ուղարկել:

- Իհարկե... Ջղայնանում եմ, խոսում եմ հետը։ Մի տարօրինակ բան էր կատարվում։ Դեռ առաջին պատերազմի ժամանակ 20 տարեկան մի տղա  մահացավ ձեռքերիս մեջ։ Ու վերջերս այդ երեխան անընդհատ գալիս էր երազիս։ Արդեն ինչ-որ բան ասում էր:

- Մեր ժողովուրդը ե՞րբ կորցրեց պետականության կորստի նկատմամբ վտանգի իմունիտետը:

- Ժողովուրդը պետք է հասկանար, որ հայրենիքն ամենաթանկ բանն է. չհասկացավ։

- Ինչո՞ւ այսքան կենցաղային դարձանք:

- Դե, ուրեմն այդքան չէին սիրում, որքան ես։ Չեմ ասում՝ ես ավելի լավն եմ, քան ժողովուրդը։ Չէ, պարզապես գնահատականները պետք է ճիշտ դրվեն, ինչն այսօր ամենակարեւորն է։ 60-նն անց մարդ  եմ, ո՞նց ապրեմ, ի՞նչ մեղքով: Մեղք ունեմ, չէ՞, որ շնչում եմ, ապրում եմ... Կամ այդ հողն ինչի՞ս է պետք առանց տղաների, չէ՞ որ հողը մարդիկ են, ժողովուրդն է։ Մեծացել եմ Ստեփանակերտում, բայց Ստեփանակերտով չի։ Չգիտեմ՝ ոնց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ։ Այ, դա չեմ պատկերացնում. ինչքա՞ն պետք է աչքերս փակեմ, կամ էլ ձեռքս ինչքա՞ն դնեմ ճակատիս, որ չտեսնեմ վերեւում մնացած Շուշին։ Իսկ այս վիճակից դուրս գալու համար մեզ ուժ է պետք, որ չունենք, հավատք, որ չունենք։ Իսկ մյուս կողմից էլ դուրս ես գալիս փողոց ու տեսնում ես, որ շատերի հետ ոչինչ չի կատարվել՝ ուտում են, խմում եւ այլն:

- Երբ բոլոր դռները փակ են, հույսը որտե՞ղ է:

- Դժվար հարց ես տալիս, իհարկե, տրաֆարետային կպատասխանեմ. Պետք է հավատալ, պետք է հույս ունենալ, բայց ախր, ես դեպրեսիայի մեջ չեմ, ես դատարկ եմ. դրանք տարբեր բաներ են: Ո՞ւր էր՝ դեպրեսիա լիներ։  

- Դատարկությունը եկավ ավելի շատ պատերազմի՞ց հետո։

- Այո: Այդ պատասխանատվությունը ես իմ վրա զգում եմ: Առաջին պատերազմում այսքան մեղք չզգացի, գուցե հաղթած էինք, չգիտեմ:    

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել