Hra.am-ը գրում է.
Հարց է առաջանում՝ ոստիկաններն ի՞նչ սկզբունքով են որոշում, թե ո՞ր ակցիան պետք է վերահսկվի, իսկ որը՝ ոչ, որի՞ դեպքում կարող է խախտվել հասարակական կարգը կամ «Հավաքների մասին» օրենքի դրույթները, որի՞ դեպքում՝ ոչ: Միթե՞ օրենքը հավասար չէ բոլորի համար: Եվ ինչպե՞ս է լինում, որ ի պաշտպանություն ոստիկանների կազմակերպված ակցիայի մասնակիցները կարող են փակել դատարանի շենքի մուտքը, իսկ խոշտանգող ոստիկանների դեմ բողոքողները՝ ոչ:
Օգոստոսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու մեջ մեղադրվող օպերլիազորներ՝ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի գործով դատական նիստը: Նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով, ով դատարանին տեղեկացրել էր, որ վատառողջ է:
Մինչև նիստի սկսելը դատարանի առջև մոտ 50-60 հոգի պիկետ էին կազմակերպել՝ «Ազատե՛ք անմեղ ոստիկաններին», «Պահանջում ենք արդար վճիռ» և նմանատիպ բովանդակությամբ պաստառներով: Սակայն հետաքրքիր է, որ հավաքի անցկացման տարածքում չկար և ոչ մի ոստիկան՝ հասարակական կարգը հսկելու և պահպանելու նպատակով:
Մինչդեռ նույն գործով հունիսի 26-ին անցկացված նիստի ժամանակ, երբ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Ընդդեմ իրավական կամայականությունների ՀԿ-ի 15 ակտիվիստների կողմից կազմակերպվածակցիաների շրջանակում, երբ դատարանի շենքի առջև անցակցվում էր պիկետ՝ խոշտանգող ոստիկաններին բացահայտելու և պատժելու կոչերով, հավաքը հսկում էին մի խումբ ոստիկաններ:
Ընդ որում, ոստիկանները ակցիայի մասնակիցների կողքին էին ակցիայի ողջ ընթացքում՝ սկզբից մինչև վերջ, իսկ դատարանի առջև նրանց միացան նաև մի խումբ դատական կարգադրիչներ: Նրանք ակցիայի մասնակիցներին կարգադրում էին դատարանի շենքի մուտքը չփակել, որոշակի հեռավորություն պահպանել ոստիկանության շենքի առջև պիկետ անցկացնելիս:
Հիշեցնեմ և շեշտեմ, որ ակցիայի մասնակիցների թիվը հունիսի 26-ին չէր գերազանցում 15-ը: Իսկ այսօր՝ 50 հոգուց ավելի մասնակիցներով պիկետը հսկող ոչ մի ոստիկան չկար: Ցուցարարները փակել էին դատարանի մուտքը՝ խոչընդոտելով այլոց ելումուտը:
Հարց է առաջանում՝ ոստիկաններն ի՞նչ սկզբունքով են որոշում, թե ո՞ր ակցիան պետք է վերահսկվի, իսկ որը՝ ոչ, որի՞ դեպքում կարող է խախտվել հասարակական կարգը կամ «Հավաքների մասին» օրենքի դրույթները, որի՞ դեպքում՝ ոչ: Միթե՞ օրենքը հավասար չէ բոլորի համար: Եվ ինչպե՞ս է լինում, որ ի պաշտպանություն ոստիկանների կազմակերպված ակցիայի մասնակիցները կարող են փակել դատարանի շենքի մուտքը, իսկ խոշտանգող ոստիկանների դեմ բողոքողները՝ ոչ:


Հեղինակ՝ Մարիամ Սարգսյան
Ստորև՝ լուսանկարներ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը կազմակերպված պիկետից, 26.07.2013թ.

