1in.am-ը գրում է.
Ադրբեջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ առանցքային կարևորություն ուներ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ գնահատելով Պուտինի հայտարարությունը:
Դավիթ Բաբայանը նշեց, որ շատ կարևոր հայտարարություն էր, քանի որ վերջին շրջանում շատ է շահարկվում ընդհանրապես ՌԴ դիրքորոշման հավանական փոփոխությունը ԼՂ հակամարտության հարցում: Այս հայտարարությունը ցույց տվեց, որ որևէ փոփոխություն չկա, որ ՌԴ-ն կանգնած է նույն կառուցողական հունի վրա, և Պուտինի հայտարարությունն ակնհայտորեն ցուցադրեց այդ մոտեցումը:
«Սա շատ կարևոր է, որովհետև «քաղաքական ճանապարհով լուծում» ձևակերպումը ներառում է երկու հիմնական բաղադրամաս. առաջինը խաղաղ կարգավորումն է, երկրորդը՝ բանակցությունների միջոցով: Իսկ դա նշանակում է այդ բանակցային ձևաչափի ամբողջական վերականգնում, այսինքն՝ բանակցություններին նաև Արցախի մասնակցություն»,- նկատեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում ռուս-ադրբեջանական բանակցությունների ավարտին Ռուսաստանի նախագահը հայտարարեց. «Իհարկե, բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք նաև միջազգային հրատապ խնդիրներին, բնականաբար չշրջանցեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Ուզում եմ հատուկ ընդգծել` Ռուսաստանը ակտիվորեն նպաստում է հարցի կարգավորմանը, որը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով»: