ArmLur.am-ը գրում է.

ՀՀ Գլխավոր դատախազությունը պայքար է սկսում ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքերը կանխելու համար: Մասնավորապես, դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ. եւ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երեւան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք:

Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ:

Եվ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսելու եւ հիշյալ հոդվածի շրջանակներում դրա հափշտակության համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար:

ArmLur.am-ը բազմիցս է հայտնել, որ վերջին շրջանում ավելացել են ավտոմեքենաներից կատարվող գողությունները: Եվ դրանց թվին են պատկանում նաև պետհամարանիշների գողությունները: Մեքենայի վրա գրություն է դրված լինում և հեռախոսամար՝ գրությամբ, որ եթե ցանկանում են համարանիշը ստանալ, ապա պետք է այդ հեռախոսահամարին գրել: Արդեն գրելուց հետո որոշակի չափով գումար են պահանջում՝ 15-20 հազարի սահմաններում, պայմանավորվում և համարանիշը թողնում որևէ վայրում: Իսկ ահա գումարը պետք է փոխանցել հաշվեհամարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել