62437_1403434319875101_1320276857_n552994_1403434346541765_2019826750_n1002364_1403434356541764_1196473428_n1002897_1403434386541761_73135329_n1009812_1403434376541762_1211609521_n1098282_1403434326541767_1695476229_n1146579_1403434396541760_2103378428_nԲարև, դատարկություն: Դու կարմիր գույն ունես: Չփորձես ժխտել: Ինչպե՞ս է քո հին ծանոթը՝ մելանխոլիան: Բարևիր իրեն, հա՞: Ասա, որ կարոտել եմ:

Դեպրեսիա, ողջույն: Նորից դու: Ես քեզ չեմ սպասում, ես քեզ երբեք էլ չեմ սպասել: Ինչպե՞ս է քո հին բարեկամը՝ այն սևը: Իրեն էլ բարևիր: Ասա, որ կարոտել եմ:

Մթություն, ահ, իմ հին ընկեր: Ինչքան ժամանակ է` չենք հանդիպել: Բայց մենք միշտ միասին ենք: Բարևիր Լուսնին ու Ագռավներին, գերեզմաններին: Համբուրիր իրենց, ասա, որ սպասում եմ, ասա, որ միշտ էլ սպասել եմ: Ասա, որ սիրում եմ իրենց:

Բլրակ: Իմ…իմ Բլրակ, իմ Լռակյաց Բլուր, մի ամբողջ հավերժություն մենք չենք հանդիպել, չենք համբուրվել, չենք գրկել իրար…իմ Բլրակ, անխիղճ…կարոտել եմ քեզ, էլ չեմ դիմանում: Ամուր գրկիր մեր ընկերներին՝ Մառախուղին, ձյանը, անձրևին, իմ կողմից համբուրիր Հնգյակիս, ասա, որ իրենց էլ եմ կարոտել, բարևիր այդ անիծյալ Վոլտերային, հարցրու իրեն, թե ինչու՞ որոշեց լքել ինձ, հարցրու, թե երբևէ կվերադառնա՞, հարցրու իրեն՝ մենք երբևէ կլինե՞նք միասին, ինչպես որ առաջ էր:

Ահ, մենակություն: Ներս մտիր: Միայն թե ծածկիր դուռը հետևիցդ: Մոտեցիր ինձ, սովորության համաձայն գրկիր ու համբուրիր, ասա, թե ինչքան ես ինձ սիրում, ասա, թե որքան ես կարոտել: Մենակություն, դու էլ չե՞ս սիրում ինձ, Մենակություն, խնդրում եմ, գոնե դու ինձ մի լքիր:

Սառնություն, բարևելու ցանկություն չունեմ: Ես քեզ երբեք էլ չեմ սիրել, ես քեզ միշտ էլ ասել եմ, որ օտար ես ինձ համար: Բայց դե եկել ես, ներս անցիր, դրսում ցուրտ է, կմրսես, կհիվանդանաս ու էլ ինձ չես այցելի: Ծիծաղում եմ: Ինձ այդպես մի նայիր: Հա, բոլորը գնացել են: Բոլորը: Դու ես մնացել, Սառնություն: Լավ, կհամբուրեմ քեզ, միայն թե ոչ ոքի չպատմես սրա մասին: Չե՞ս ուզում համբուրվել: Զզվելի սառնություն: Ինձ համար մեկ է: Կորի գրողի ծոցը:

Հիասթափությու՞ն… Ոտնահետքերիցդ քեզ ճանաչեցի: Հոգնած կլինես: Եթե ուզում ես, կարող եմ անկողին պատրաստել: Ցանկություն չունե՞ս քնելու: Դե լավ, նստիր աթոռին, այսօր միայն կզրուցենք: Գիտես, էլ համբուրվելու ցանկություն չունեմ: Հա, էլ ոչ մի ցանկություն էլ չունեմ:

Անտաբերություն…….լռիր: Մի խոսիր: Ես քեզ չեմ ցանկանում լսել:

Բարև, Մահ: Դու միակն ես, ում ես սպասել եմ, սպասել եմ միշտ, կարոտով, ում ես սիրել եմ բոլորից շատ: Հանիր կոշիկներդ: Ես պատրաստ եմ: Ուզու՞մ ես հանգստանալ: Ես կարող եմ սպասել, նորից սպասել, անվերջ սպասել, միայն թե իմանամ, որ կողքիս ես: Գոնե դու ինձ մի լքիր… Մոտեցիր ինձ, Մահ: Մոտեցիր ու գրկիր, ու թող գրողի ծոցը կորչեն իմ բոլոր հին ընկերները: Ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Համբուրիր ինձ, հետո նստեցրու ուսերիդ ու փախցրու ինձ: Տար, ինչքան հնարավոր է հեռու: Միայն թե մանգաղդ այն կողմ տար, ցավեցնում է…

Գնացինք, Մահ, փախանք այստեղից… Եթե տեսնես իմ հին ընկերներից գոնե մեկին, ասա, որ էլ ինձ երբեք չեն տեսնի, ասա, որ միշտ կսիրեմ իրենց, ասա, որ ես քեզ հետ եմ: Նրանք հանգիստ կլինեն, նրանք քեզ վստահում են չէ՞:

Եվ դու, Մահ…

Դու էլ լքեցիր ինձ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել