Երբ որ արդեն ինչ-որ բան հասկանում էի

Մայրս ասաց` դու հայ ես,
Ու պատվիրեց Հայաստանը սիրել ավելի, քան իրեն,
Եվ այդ պահից Հայաստանն իմ սերն է...

Հայաստան, իմ սեր,
Ես քեզ սիրեցի,
Երբ հյուլե, ոչինչ,
Առաջին անգամ տեսա
Երկգագաթ Արարատ սարը
Ու լուռ հասկացա,
Որ ես աշխարհի հնագույն ազգի
Որդի-հետնորդ եմ...

Հայաստան, իմ սեր,
Ես քեզ սիրեցի,
Երբ Մեսրոպ Մաշտոցը
Մորս օգնությամբ
Դողդոջուն ձեռքով «Ա» տառը գրեց
Ու ինձ պատգամեց նրանով գրել,
Նրանով ապրել, նաև արարել,
Եվ հպարտանալ,
Որ այն աշխարհում ամենահինն է...

Հայաստան, իմ սեր,
Ես քեզ սիրեցի,
Երբ Խորենացին նայեց աչքերիս
Եվ հպարտ ասաց.
- Սա Հայաստանն է,
Այս է, ածու է,
Բայց պիտի սիրես,
Քանզի քաջության բազմաթիվ գործեր
Հայ ազգն է արել...

Հայաստան, իմ սեր,
Ես քեզ սիրել եմ
Ապրածս կյանքի,
Իմ տարիների ամեն վայրկյանում,
Այստեղ, թե հեռվում,
Քնած, թե արթուն,
Եվ դու ես, դու ես
Իմ սերն աշխարհում...


Տիգրան ՊետրոսՅանց
05.08.2013 թ.
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել