168.am-ը գրում է․

Մայիսի 1-ին համացանցում լուսանկարներ տարածվեցին, որ թշնամին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բարձրադիր հատվածում տեխնիկա է բերել և իր համար դիրքեր է կառուցում:

168.amի հետ զրույցում Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցն անդրադառնալով Խնածախում թշնամու գործողություններին, ասաց, որ GPS կոչվող համակարգով թշնամին եկել, այդ բարձրության վրա դիրք է զբաղեցրել:

«Դեկտեմբերի 1-ից մինչև հիմա մենք իրենց համոզել ենք, որ այդ տարածքում չգան կանգնեն, ընդամենը մի դրոշ էին դրել, որ այդ տարածքն իրենցն է: Հիմա գյուղից 150 մետր հեռավորության վրա եկել դիրք են դրել, մեծ փոս են փորել ու ուզում են մարտական հենակետի նման բան սարքեն, դիրք դնեն, էլի: Այն անմիջապես գյուղի վերևում է, առաջին տունը դրանից 150 մետր է հեռու: Մեր բանակային կորպուսն էլ, հակառակ դրան, այդ դիրքի դիմաց է արդեն սկսում ինժեներական աշխատանքներ անել: Այն մարդիկ, որ ասում են՝ բան չկա, նեղվելու խնդիր չկա, թող գան ժողովրդին ասեն՝ նեղվելու խնդիր չկա»,- նշեց Ներսես Շադունցը:

Նրա խոսքով, ժողովուրդը չի վախենում, բայց գյուղի բարձունքում թշնամու դիրքի առկայությունն արդեն ճնշող է:

«Իհարկե, այդ հատվածում շատ դիրքեր կան, ուղղակի այն ամենամոտ դիրքն է բնակելի տներին: Մենք համոզել էինք, որ իրենք այդտեղ չկանգնեն: Իրենք որ սկզբից եկել էին, շատ բարեհամբույր ձևով էին ամեն ինչ անում, սակայն աստիճանաբար ամրացան, հիմա հերթափոխ է եղել իրենց մոտ՝ հները գնացել են, նորերն են եկել ու ավելի ագրեսիվ են դարձել, մեկ մետ տարածքի համար նույնիսկ հինգ ժամ գալիս խոսում են: Կրակոցներ հաճախ չեն լինում»,- հավելեց համայնքապետը:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ 3-4 օր առաջ Կոռնիձոր գյուղի հատվածում բնակիչներից մեկի 6 ձին անցել է թշնամու հսկողության տակ հայտնված տարածք:

«Դե, կենդանի է, բնազդաբար անցել գնացել է, որևէ կերպ չենք կարողանում վերադարձնել, նույնիսկ սահմանապահներին էլ ենք ասել, հակառակ կողմի հետ պայմանավորվել են՝ կվերադարձնեն, սակայն որևէ նորություն չկա: Նմանատիպ դեպքեր դեռ շատ կլինեն, թշնամու հսկողության տակ եղած տարածքում խոտն արդեն բարձր է, անասունները մեր կողմից անցնելու են իրենց կողմ, ո՛չ փշալար է քաշած, ո՛չ խրամատ է փորված: Այս հարցերը մենք բարձրացրել ենք, բայց մինչև հիմա բան չկա»,- ընդգծեց նա:

Թե այս պայմաններում հետագան Սյունիքում ինչպե՞ս է պատկերացնում, Ներսես Շադունցը նկատեց՝ պետք է ստեղծվի Իսրայելի մոդելը՝զարգացնեն տնտեսությունը, ուժեղացնեն բանակը և դառնան թելադրող:

«Նստել՝ իրար են ուտում, կարևոր գործերը թողած, ես չգիտեմ, թե ինչով են զբաղված»,- նշեց Ն. Շադունցը:

Հարցին՝ բանակն ուժեղացնելն ինչպե՞ս է պատկերացնում, երբ Նիկոլ Փաշինյանը գաղափար ունի ժամկետային զինծառայության ժամկետները կրճատել՝ հինգ տարին մեկ եռամսյա հավաք իրականացնելով, Ներսես Շադունցը պատասխանեց.

«Այդ մոդելը կարող է աշխատել Դանիայի նման երկրում, եվրոպական երկրներում, բայց այստեղ չի աշխատելու: Ասիական ցեղի ժողովուրդ են այստեղ ապրում, գոնե մտածո՞ւմ են, թե ինչ են ասում: Մենք պետք է ուժեղ լինենք, որ մեզ հետ հաշվի նստեն, թույլերի կարծիքն ո՞վ է հաշվի առնում, ո՞վ է թույլի հետ խոսում, ինչի՞ մասին է խոսքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել