Բնակարանը հին էր, վաղուց վերանորոգման ենթակա:
Բնակիչները երկուսն էին, արդեն քանի տարի:
Դեռ վաթսունականներին էր, որ ստացել էին բնակարանը ու այդպես էլ առաջին վերանորոգումով ապրում էին:
Արտաքինից կլինեին մոտ ութսուն տարեկան, բայց իրականում ավելի մեծ էին տարիքով:
- Ես արդեն շատ ծեր եմ հիվանդանալու համար, Անահիտ:
Պապիկը հագավ ակնոցներն ու նստեց անկողնու մեջ:
- Դե լավ, դիմացիր, այդպիսի օրեր ենք տեսել Հայկո ջան, հիշո՞ւմ ես պատերազմը, ի՞նչեր քաշեցինք: Մրսածությունն ի՞նչ է որ…
Կինը ծածկեց նրա ուսերը վերմակով:
- Հա բա ո՞նց չհիշեմ, քանդած տների մեջ, ռմբակոծությունից թաքնվելով, հազար ու մի ցավ ու տանջանք, բայց դե տարիքն անում է իրենը:
- Այ մարդ խելքդ գլուխդ հավաքիր, մրսելուց դեռ ոչ մեկը չի մահացել, գնամ քեզ թեյ բերեմ:
Գազ վաղուց չունեին, հոսանքի վճարն էլ դեռ պարտք էին, բայց շենքի էլեկտրիկը չէր անջատել, ինքն էր վճարում, առանց նրանց տեղյակ պահելու:
- Անահիտ լավ չեմ, մի՞գուցե բժիշկ կանչենք, բայց ինչպե՞ս, ոչ հեռախոսն է աշխատում, ոչ էլ կարող ենք նոր հարևանին խնդրել, անհարմար է:
- Բժիշկներն ի՞նչ են հասկանում հիմա, հիշո՞ւմ ես ինձ երիտասարդ ժամանակա ինչպես էի վիրավորներին…
- Հա բայց դու էլ հիմա լավ չես, արդեն մեկ շաբաթ կլինի չենք կարողանում ոչ խանութ իջնել, ոչ էլ…
- Դու լրիվ խելքդ գցե՞լ ես, խանութում վաղուց պարտքով մթերք չեն տալիս, փող էլ չկա: Մի կտոր չոր հաց է մնացել թրջեմ բերեմ, մի կերպ կուտես, ես ինքս սոված չեմ:
- Չգիտեմ, մի տեսակ ուրիշ բան եմ զգում:
Տղամարդն ավելի վատ էր տանում հիվանդությունը, կինը միայն գրիպ էր ու հազում էր, իսկ տղամարդը ջերմություն էլ ուներ:
Խոհանոցում գտավ երկու հատ կիսափչացած կարտոֆիլ:
Մաքրեց, գցեց ամանի մեջ:
« Գոնե սա մի կերպ ուտեցնեմ մինչև տեսնենք…թե էլեկտրիկ Վարդանը գա մի բան կբերի երևի…»
Սենյակից լսվում էր ամուսնու ձայնը:
- Երեխա չունեցանք, հիմա մի հատ թոռ լիներ, վազեր…
- Վա՞տ ենք ապրել այ մարդ,- մի կերպ հազը զսպելով բղավեց կինը:
- Բա որ մի բա՞ն պատահի, ո՞վ է մեզ տեր կանգնելու, թաղում է, բան է…
- Է, էլի սկսեցի՞ր այ մարդ, չփորձես առանց ինձ գնալ, միասին ենք եղել միասին էլ…
«Անիծվեր այդ ռումբն էլ, ռումբ հնարողն էլ, գցողն էլ, որ հենց իմ կողքը պայթեց, ինձ զրկեց մայր լինելու հաճույքից, սա ի՞նչ բախտ է…հետո ինչ, որ վիրահատությունից հետո իմացա, որ մեր ինքնաթիռն է գցել, դրանից ի՞նչ փոխվեց, իսկ ես հիմարս, այն ժամանակ ուրախանում էի որ թշնամու ռումբ չէր…»
Սենյակ մտավ ափսեն ձեռքին բռնած:
Ամուսինը նստած անկողնում լալիս էր:
- Դու կեր, ես ախորժակ չունեմ, բայց սիրտս մի բան է ուզում, ասեմ թե՞…
- Ասա, ես էլ չեմ կարողանում ուտել, լավ, թող մնա, ի՞նչ ես ուզում ասա, ես միշտ քեզ համար պատրաստ եմ եղել:
- Նստիր կողքս, աջ ձեռքս էլ չի աշխատում, նստիր, բան եմ ասում:
Կինը նստեց անկողնուն:
Զգաց, որ ինքն էլ է վատ զգում բայց ցույց չտվեց:
Սրտի կողմից մեջքն անտանելի ծակում էր:
- Ձեռքս բարձրացրու ու գցիր ուսիդ, Անահիտ ջան, չեմ հասկանում ինչո՞ւ է լացս անընդհատ գալիս:
- Է, այ մարդ ի՞նչ անցավ մտքովդ, ոնց որ եղել ես ջահել ժամանակդ, այդպիսին էլ մնացել ես:
Ամուսնու ձեռքը գցեց ուսին, գլուխը մոտեցրեց ամուսնու գլխին ու ինքն էլ չհասկացավ ինչու սկսեց լաց լինել:
Արցունքները երկուսի դեմքերի կնճիռների միջով անցնելով իջնում էին մինչև ծնոտներն ու կաթում վաղուց չավլած, փոշու մեջ կորած հատակին:
Հատակին մի փոքրիկ արցունքների լճակ գոյացավ:
- Անահիտ պառկե՞նք, այսպես լավ չէ, մարդավարի չէ: Քեզ քանի՞ անգամ ասած կլինեմ որ սիրում եմ, հաշվե՞լ ես:
- Բա դու հաշվե՞լ ես, սա էլ քո նվիրած գլխաշորն է, հիշո՞ւմ ես, բեր աչքերդ մաքրեմ: Հա ճիշտ ես պառկենք:
Գրկախառնված մեկնվեցին անկողնու վրա:
Ուժ չկար վերմակով ծածկվելու:
Տղամարդը շրթունքները հպեց կնոջ այտին:
Կնոջ հեծկլտանքն ավելացավ:
- Ջուր, Անահիտ, ջուր…
Անկարող էին վեր կենալ անկողնուց:
…Ինչ որ մեկը թակում էր դուռը:
Թակոցներն ուժեղացան, կարծես ոտքով էին հարվածում դռանը:
- Անահիտ տատի, ես եմ Վարդանը, բաց արա, ձայն հանիր:
Ներսում լռություն էր
Երբ ոստիկանության ու փրկարար ծառայության խմբերը մոտեցան նրանց դռանը, նոր հարևանը պատմում էր էլետրիկ Վարդանին:
- Մեկ շաբաթ կլինի, ոչ դուրս են եկել, ոչ ձայն է լսվել:
- Ինչո՞ւ ինձ չեք զանգահարել, ես ձեզ թողել էի հեռախոսս:
- Ես ի՞նչ գործ ունեմ ուրիշի հետ, անուններն էլ չգիտեմ:
Դուռը կոտրեցին ու ներս մտան:
Անկողնում գրկախառնված, մահացած ամուսիններն էին:
Մոտեցան մահճակալին:
Մահճակալի մոտ մի փոքր տեղ թրջված էր:
- Մահացել են մոտ երեք օր առաջ, - ֆիկսեց շտապօգնության բժիշկը:
Վարդանը նայեց առաստաղին ու չգտավ կաթալու տեղ:
- Որտեղի՞ց է այս ջուրը թափվել, բաժակ էլ չկա մոտները, տարօրինակ է: