Armtimes.com-ը գրում է․

Խաչատրյանների ընտանիքում 13-րդ անգամ մանկան ճիչ է լսվել: 39-ամյա Լիլիթը կրկին մայրացել է: 3 կգ 100 գրամ քաշով ծնված արու զավակն է ընտանիքի տղաների թիվը համալրել: 6 աղջիկ 7 տղա ունեցան ամուսինները:

Երաժիշտ, նկարիչ, ատամնաբույժ: Այս մասնագիտություններն ընտրել են Խաչատրյանների երեք երեխաները, մյուսները դեռ փոքր են ու կողմնորոշվում են:

Նորածինին Միսակ են կոչել, 44-օրյա պատերազմում նահատակված 19-ամյա հերոս զարմիկի անունով: Հերոսը Ջաբրայիլում մղված մարտերում է զոհվել, Արա լեռան տարածքում: Լիլիթը պատմում է, որ տևական որոնումներից հետո փետրվարին են ամուսնու եղբորորդուն գտել՝ ԴՆԹ անալիզի միջոցով: Հերոսը ծնողների միակ տղան էր, երկու քույր ուներ: Նրա կիսատ թողածը կլրացնի լույս աշխարհ եկած անվանակիցը:

Լիլիթը չի աշխատում, ամուսինն արհեստավոր է: Ապրել կարողանում են, բայց կուզեր, որ պետությունն ավելի ուշադիր լիներ բազմազավակ ընտանիքների նկատմամբ: Թեկուզ բնակարանային խնդիրը լուծեր:

Անկախ առկա դժվարություններից 39 տարեկանում 13 երեխա մեծացնող կինը խորհուրդ է տալիս շատ զավակներ ունենալ: Ասում է 3 սերունդ կոտորվեց այս պատերազմում, յուրաքանչյուրին հիշելով պետք է բացակայությունը լրացնել:

Նորածնին գրկած Լիլիթը նաև նշում է. չի բացառում 14-րդ երեխա ունենալու մտադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել