News.am-ը գրում է․

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի արտադրող Pfizer ընկերությունը հաստատել է իր պատվաստանյութի կեղծ տարբերակների առնվազն երկու դեպքի մասին՝ Մեքսիկայում եւ Լեհաստանում:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Մեքսիկայում կեղծ պիտակներով դոզաները նույնականացվել են միայն այն բանից հետո, երբ դրանք ներարկվել են 80 պացիենտի:

Սրվակները ուշադրություն են գրավել, քանի որ դրանք պահվել են անսովոր պայծառ գույների սառնարաններում եւ ունեցել են տարբեր սերիական համարներ՝ ի տարբերություն նրանց, որոնք պաշտոնապես վաճառվել են պետությանը, ինչպես նաեւ՝ պիտանելիության այլ ժամկետ: Pfizer-ի ստուգումները հաստատել են, որ այդ նյութը կեղծ է:

Խաբեությունն անակնկալ չի եղել Pfizer-ի գլոբալ անվտանգության բաժնի ղեկավար Լեւ Կուբյակի համար: «Մենք շատ սահմանափակ մատակարարում ունենք, եւ այն կավելանա այն բանին զուգահեռ, թե ինչպես կավելացնենք պատվաստանյութերի ծավալը եւ մյուս ընկերությունները կմտնեն պատվաստանյութերի շուկա են: Մինչ այդ հանցագործները հիանալի հնարավորություն ունեն»,- ասել է նա:

Հունվարի վերջին Կատովիցե քաղաքում պատվաստանյութը կեղծելու համար 26-ամյա տղամարդ էր ձերբակալվել, հայտնում է լեհական Polsat հեռուսաընկերությունը: Այդ մարդը դարքնեթում վաճառքի էր հանել ՊՇՌ թեստի բացասական արդյունքների վկայագրեր եւ փորձանոթներ, որոնք, նրա պնդմամբ, պարունակել են BioNTech-Pfizer-ի պատվաստանյութ:

Polsat-ը գնել է մի քանի դեղաչափեր, Կատովիցեի դատախազությունը դրանք անալիզի համար ուղարկել է արտադրողին, եւ Pfizer-ը այդ նյութը կեղծ է ճանաչել՝ հիմնական բաղադրիչը, պարզվել է, կնճիռների դեմ միջոց է: Որեւէ մեկին դեղաչափերը չեն ներարկվել, հաղորդում է DW-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել