Վրացիները միանշանակ մեզնից լավ են ապրում, մնում է հասկանալ պատճառները: Մտահոգված մեր տնտեսական խնդիրներով` մոռանում ենք, որ նմանատիպ խնդիրներ ոչ միայն մենք ունենք, այլ նաև հարավկովկասյան տարածաշրջանի մեր հարևանները, օրինակ` «The American Interest» պարբերականի հոդվածագիրներ Դենիս Կորբոյը, Վիլյամ Քորթնին, վերլուծելով Անդրկովկասում կատարվող զարգացումները, կարծիք են հայտնում, որ մեր տարածաշրջանի նշանակությունը միջազգային ասպարեզում գնալով նվազում է: Իրավիճակը շտկելու ուղին, ըստ վերլուծաբանների, ժողովրդավարական բարեփոխումների ուղով ընթանալն ու հակամարտությունները լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է: Այսօր Վրաստանը հանգիստ կարող է ասել, որ ժողովրդավարական բարեփոխումների ուղով մեծ քայլերով առաջ ընթանալու հարցում առաջինն է տարածաշրջանում, և ինչո՞ւ միայն տարածաշրջանում, այդ առումով Վրաստանը առաջ է անցել ԱՊՀ շատ երկրներից:
Այսօր Վրաստանի մասին խոսելիս միջազգային ճանաչում ունեցող շատ լրագրողներ առանց որևէ չափազանցության օգտագործում են «դեմոկրատական Վրաստանը» արտահայտությունը:
Հարգելի ընթերցողներ, եկեք հիշենք, որ վերջերս մեր ուրախությանը չափ ու սահման չկար. մեզ հաջողվեց (այն էլ ժամանակավոր) չթողնել, որպեսզի տրանսպորտի սակագինը 100 դրամից դառնա 150, մենք դա համարեցինք աննախադեպ հաղթանակ: Սակայն, երբ այդ հաղթանակը Վրաստանի նմանատիպ հաղթանակների հետ համեմատության մեջ ենք դնում, հասկանում ենք, որ նրանք վաղուց նմանատիպ հաջողությունների վրա չեն զարմանում, դա իրենց համար, ինչպես ռուսներն են ասում, «в порядке вещей»: Նրանք արդեն հասել են այն մակարդակին, որ չզարմացան նույնիսկ այն դեպքում, երբ գործող նախագահի կուսակցությունը ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կրեց խայտառակ պարտություն:
Նրանք չեն զարմանում, երբ տեսնում են, թե ինչպես են հանուն Վրաստանի բարգավաճման կենսունակ ամեն մեկն իր տեղում աշխատում երկու տիտաններ` Սահակաշվիլին և Բիձինա Իվանիշվիլին: Այս երկուսը ապացուցեցին, որ իրենց ներքին հակամարտությունը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի Վրաստանը տեղում դոփի: Վրաստանում «ընտրակաշառք» բառը վաղուց քաղաքական լեքսիկոնից հանված է: Դրա վառ ապացույցը ներկայացնում եմ ձեզ. վերջերս ինձ հյուրընկալել էր իմ բանակային տարիների վրացի ընկերներից մեկը, և երբ խոսակցության ընթացքում նրան հարցրի` «Ինչպե՞ս են ընթանում Վրաստանում ընտրությունները, շա՞տ են արդյոք ընտրախախտումները, և ինչպե՞ս են գործում այդ մեխանիզմները», նա հարցից վրդովված պատասխանեց` «Գժվե/լ ես ինչ է, ի՞նչ ընտրակաշառք, ո՞վ կարող է ինձ ընտրակաշառք առաջարկել, նախ` իրենց թույլ չեն տա այդքան իջնել, երկրորդը` դա իմ կողմից կընկալվի որպես անձնական վիրավորանք»:
Հ.Գ. Այդ պատասխանից հետո ես հասկացա, որ երկրի հաջողությունը ճիշտ մեկնարկից է սկսվում, այսինքն` տարբեր ֆորմատի ընտրություններից: Քանի մեր քաղաքացին չի հասկանում, որ ընտրակաշառք վերցնելով վտանգում է մեր երկիրը, մենք միշտ այս օրին ենք լինելու, միշտ նախանձով ենք նայելու Վրաստանի քաղաքացիներին: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հիշենք, որ մենք էլ «թասիբ» պետք է ունենանք, մենք էլ ընտրությունների ժամանակ պետք է վիրավորվենք, երբ մեզ կաշառք են առաջարկում: