Ռուսաստանում արտագնա աշխատանքների հույսին մնացած մարդկանց վիճակն օր օրի ավելի է բարդանում: Երեկվանից ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ անգամ Սամվել Կարապետյանին պատկանող օբյեկտներում են սկսել մարդկանց հավաքել ու երկրից վտարել, ընդ որում, հաղորդվում է, որ հաճախ վտարում են նաև այնպիսիքին, ովքեր աշխատանքային թույլատվություն ունեն (ինձ հայտնի տեղեկություններով` նման դեպքերում դիմում են դեպորտացիայի` պատճառաբանելով ասենք մի քանի տարվա վաղեմություն ունեցող չվճարված տուգանքը կամ ինչ-որ այլ վարչական խախտում:
Սակայն ինչքան էլ փորձեն այստեղ այդ ամենը ներկայացնել որպես կոնկրետ հայերի դեմ ուղղված քայլեր, դա իհարկե այդպես չէ, ու դրա համար կարելի է պարզապես միացնել հեռուստացույցը: Հեռուստացույցին չե՞ք հավատում, մտեք ասենք ադրբեջանական, վրացական, ուզբեկական կայքեր ու ֆորումներ: Ռուսաստանը հետևողականորեն ու անխնա անցել է ոչ լեգալ ու կիսալեգալ էմիգրանտների հարցին և փորձում է միանգամից երկու նապաստակ խփել: Մի կողմից, հատկապես այն վայրերում, որտեղ արդեն սովորական երևույթ էին դարձել աշխատանքային միգրանտների (Հյուսիսային Կովկասի ՌԴ քաղաքացիներ և ԱՊՀ երկրների քաղաքացիներ) և տեղաբնակների բախումներն ու լարվածությունը, էմիգրանտների զտումներ կատարելով Ռուսաստանում սկսում են դիմակայել դեմոգրաֆիկ աղավաղվող պատկերին (օրինակ` վերջերս լայն տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ տասնյակ հազարավոր մահմեդականներ նամազ էին անում Մոսկվայի գլխավոր պողոտաներից մեկի՝ Պռոսպեկտ Միռայի վրա), իսկ մյուս կողմից շանտաժի են ենթարկում նախկին խորհրդային պետությունների իշխանություններին, ովքեր հաճախ չգիտեն` ոնց ազատվեն եղած սոված բերաններից, իսկ Ռուսաստանը մի բան էլ հազարներով հետ է ճամփում այնտեղ հանգրվանածներին, ինչն էլ իր հերթին միանգամից ավելացնում է հասարակական լարվածությունը տեղերում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք այս առումով բացառություն չենք, եթե բացառություն էլ ենք, ապա վատ իմաստով, որովհետև մենակ Հայաստանում կտեսնես, որ գյուղապետը հրաժարական տա ու գնա խոպան, իսկ նոր գյուղապետը լինի վաստակավոր խոպանչի (Բայանդուր գյուղի դեպքը): Բացի դրանից` գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի նման կտրուկ գործողությունները բնավ էլ ներքաղաքական հարցերով չեն պայմանավորված ու ունեն շատ կոնկրետ ու հստակ մեսսիջ՝ ով մեզ հետ չի, մեր դեմ է, իսկ եթե ուզում եք արտագաղթեք մեզ մոտ, ապա բարի եղեք արեք դա օրինական կերպով, թե ուզում եք, կարող ենք էլի «Հայրենակիցներ» ծրագիրը վերսկսել...
Հասկանալի է, որ մեր իշխանությունները տագնապալից լռություն են պահպանում, որովհետև այս պրոցեսը նոր է սկսվել, իսկ իրենք երկուստեք խոստումներ են տվել/տալու հա՛մ Ռուսաստանին, հա՛մ Արևմուտքին, իսկ հիմա պարզապես հետևում են, որ տեսնեն, թե ինչքան հեռուն կգնա Ռուսաստանը իր շանտաժում, ու ի՞նչ կանեն արևմտյան հովանավորները, որպեսզի հակակշիռ ստեղծեն Ռուսաստանին, ու կանե՞ն արդյոք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/214490875373610
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել