Irakanum.am-ը գրում է․
Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին եւ 6 լրատվամիջոցի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Սուքիասյանը, բացի Սեյրանյանից տարբեր հայցադիմումներով դատի է տվել՝ «Փաստինֆո»-ին, «168 ժամ»-ին, «Արմդեյ էյեմ»-ին, «Նյուզ Էյեմ»-ին, «Ասեկոսե»-ին, «Մեդիա պլյուս»-ին:
Գործարարը ընդհանուր առմամբ 7 հայցադիմումներում էլ պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել:
Հայցերը ներկայացվել են ապրիլի 19-ին:
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչից չի հաջողվել պարզել հայցի մանրամասները: Միաժամանակ թերթը ուսումնասիրելով վերջին շրջանում գործարարի մասին տվյալ լրատվամիջոցների հրապարակումները՝ պարզել է, որ հղում անելով տելեգրամյան ալիքներից մեկին գրվել է, թե նրա ձեռք բերած «Ռան Օյլ» բենզալցակայաններում անորակ բենզին է վաճառվում: Բացի այդ մի այլ հոդված էլ կար այն մասին, թե գործարարը հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:
Irakanum.am-ը լրատվամիջոցներից փորձել է պարզել, ստացել են արդյո՞ք հայցադիմումը և կամ ինչու՞ է Սուքիասյանը դատի տվել ԶԼՄ-ներին։
Armday.am լրատվական կայքը գործարարի հայցադիմումը չի ստացել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց լրատվական կայքի ղեկավար Տաթեւ Այվազյանը։ «Գիտեք, զարմանալի է, որ իշխանության «սրտի» գործարարը, որը բավականին ակտիվ հետեւում է ԶԼՄ-ների աշխատանքին չի նկատել, որ իր մասին արված հրապարակումները, որոնք տեղադրվել են մեր լրատվական կայքում, մեր հեղինակային նյութը չէ: Իսկ ինքը հենց գործարարը լրատվամիջոցների ուշադրությանն է արժանցել վարչապետի հետ բեմահարթակին հայտնվելուց հետո », — ասաց Այվազյանը, շեշտելով, որ քանի որ հայցադիմումը չեն ստացել, չի կարող ասել, թե կոնկրետ որ հրապարակման համար է նեղսրտել Սուքիասյանը։ «Երբ ստանանք հայցադիմումը անշուշտ կանդրադառնանք», — նշեց ArmDay.am-ի ղեկավարը։
168.-ը ևս հայցադիմումը չի ստացել։ Այս մասին Irakanum.am-ին ասաց կայքի ղեկավար Սաթիկ Սեյրանյանը։ «Դեռ հայցադիմումը չենք ստացել, գաղափար անգամ չունենք՝ ինչով է «168 Ժամը» զայրացրել իշխանությունների սրտի խոշոր գործարարին: Բայց Խաչատուր Սուքիասյանը հիմա այնքան հաճախ է հայտնվում հասարակական, տնտեսական, ինչու չէ, նաև քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնում, որ կարծում եմ, իրեն չպետք է զարմացնի ու առավել ևս զայրացնի այն հանգամանքը, որ հաճախ է հայտնվում ԶԼՄ-ների էջերում: Երբ ստանանք հայցադիմումը, առավել առարկայական կանդրադառնանք թեմային»,- ասաց Սեյրանյանը։
Նույն պատասխանը ստացանք նաեւ Asekose.am-ից։ «Տեղյակ չենք, թե ինչի՞ն է վերաբերում Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը լրատվամիջոցի դեմ և ի՞նչն է այդքան զայրացրել նրան, սակայն Asekose.am-ը հեղինակային նյութ չի ունեցել գործարարի մասին, իսկ նրա հետ առնչվող նյութերը, որոնք վերահրապարակվել են կայքում ՝ եղել են պատշաճ հղումով և , ինչպես նշված է յուրաքանչյուր նյութի վերջում, միշտ եղել է և կա պատրաստակամություն՝ հրապարակել նաև հակառակ կողմի արձագանքը, տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը տվյալ նյութի մասին, որը պետք է ուղղարկվի կայքի էլեկտրոնային հասցեին։
Ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը, կարծում ենք, լավ է հիշում կոնկրետ մեր լրատվամիջոցի հետ առնչվող նման մի դեպք, որի մանրամասները թերևս չարժի ներկայացնել։ Ամեն դեպքում, կարծում ենք, հայցադիմումին հնարավորին կլինի պատշաճ անդրադառնալ այն ստանալուց հետո»,- հայտնեցին լրատվական կայքից։
Ինչ վերաբերում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին, ապա վերջինս 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Խաչատուր Սուքիասյանն իրեն դատի տվել, պատասխանել է, որ տեղյակ չէ:
«Քանի որ դատարանը ծանուցումն ուղարկել է Yerkir.am կայքի՝ Հանրապետության 30 հասցեով, ենթադրում եմ, որ ինձ դատի են տվել՝ որպես այդ կայքի խմբագիր, մինչդեռ ես 2008 թվականից կայքի խմբագիրը չեմ: Այլ տրամաբանություն չեմ կարող գտնել, որովհետև ես բենզինի մասին հարցազրույցներ չեմ տալիս»,- ասել է Սպարտակ Սեյրանյանը: