168.am-ը գրում է․

Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակեց աշխատաշուկայի վերաբերյալ հերթական տվյալները։ Առաջին աչք ծակող նորությունն այն էր, որ չնայած տնտեսության վիճակի վատացմանը՝ գործազուրկների թիվը մեր երկրում կտրուկ պակասել է։ Այն էլ՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։

Թե ինչպես կարող էր նման իրավիճակում գործազրկությունը կրճատվել, շատ հարցեր է առաջացնում։ Բայց ամեն ինչ՝ ըստ հերթականության։

Անցած տարի, ինչպես հայտնի է, մեր տնտեսությունն անկում արձանագրեց։ Տնտեսության վիճակն ավելի վատացավ հատկապես ղարաբաղյան պատերազմի օրերին. երրորդ եռամսյակում տնտեսական անկումը կազմեց՝ 9, չորրորդում՝ 8,8 տոկոս։ Թվում է, թե տնտեսական գործընթացների պասիվացումը պետք է հանգեցներ գործազրկության ավելացման։ Սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ բան է արձանագրել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ղարաբաղյան պատերազմի օրերին և դրան հաջորդող շրջանում գործազուրկների թիվը մեր երկրում կտրուկ նվազել է։

Անցած տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել շուրջ 227 հազար մարդ։ Արդեն չորրորդում գործազուրկների քանակը 227 հազարից իջել է՝ հասնելով 185 հազարի։

Այսպիսի կտրուկ կրճատում դժվար է պատկերացնել նույնիսկ տնտեսության վերելքի պայմաններում։ Երեք ամսում գործազուրկների թիվը նվազել է 42 հազարով։

Անցած տարվա վերջին գործազուրկների քանակն ավելի քիչ է եղել նաև 2019թ. համեմատ։

Ինչպե՞ս է դա հաջողվել։

Առաջին տպավորությունն այն է, որ հերթական անգամ գործ ունենք պաշտոնական վիճակագրական կեղծիքի հետ։ Տնտեսական այնպիսի իրավիճակում, որում հայտնվել էր Հայաստանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ և դրան հաջորդող շրջանում, անհնարին էր, որ գործազրկության ցուցանիշները բարելավվեին։ Բայց բարելավվել են, եթե կարելի է այդպես ասել։

Խնդիրը ոչ թե տնտեսության զարգացումների ու դրա արդյունքների, այլ հավանաբար պատերազմի հետ է կապված։ Պատերազմի ժամանակ հազարավոր գործազուրկ քաղաքացիներ զինվորագրվել են Հայրենիքի պաշտպանության գործին և աշխատավարձ ստացել։ Դրանով նրանք, ըստ ամենայնի, դուրս են եկել գործազուրկների խմբից՝ կարևոր չէ, 1-2, թե՞ 3 ամսով։

Պետք է ենթադրել, որ գործազրկության մակարդակի նվազման  հիմնական գործոններից մեկը սա է։

Մյուսն էլ կարող էր լինել աշխատանքային ռեսուրսի կորուստը։

Մեկ տարում կորցրել ենք 18,5 հազար աշխատանքային ռեսուրս։ Պաշտոնական տվյալներով՝ 2019թ. վերջին Հայաստանում աշխատանքային ռեսուրսը եղել է 2 մլն 51,5 հազար, 2020թ. վերջին դարձել է 2 մլն 33 հազար։

Աշխատանքային ռեսուրսի կրճատման պատճառները տարբեր են՝ սկսած համավարակից, վերջացրած ղարաբաղյան պատերազմով։ Պատերազմի հետևանքով մարդկային կորուստները հասնում են մի քանի հազարի, չհաշված այն հազարավոր վիրավորները, որոնցից շատերը զրկվեցին աշխատելու հնարավորությունից։ Պակաս քիչ չեն նաև համավարակի հետևանքները։ Համավարակից կորուստներն անցնում են 4,5 հազարից։

Վերջին տվյալներով, գործազրկությունը Հայաստանում իջել է 16 տոկոսի։

Թեև 16 տոկոսն էլ փոքր ցուցանիշ չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրա հետևում շուրջ 185 հազար մարդ է կանգնած, այնուհանդերձ գործ ունենք գործազրկության իսկապես աննախադեպ ցածր մակարդակի հետ։

Այս փաստը հավանաբար վարչապետի աչքից վրիպել է, այլապես վաղուց էր դասել իր ու իր կառավարության աննախադեպ ձեռքբերումների շարքին։ Թեև դեռ ուշ չէ։ Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում հերթական շոուն բեմադրվի։ Ոչինչ, որ գործազրկության կրճատումն անհամատեղելի է եղել տնտեսության զարգացումների հետ։ Բայց նման բաներ սովորաբար վարչապետին քիչ են հետաքրքրում։ Կարևորը՝ առիթը կա՝ հասարակությանը «լավ» լուրերով կերակրելու համար։ Այլ հարց է, թե դա ինչի հաշվին է։

Փաստ է, որ գործազրկության նվազումն աշխատատեղերի ավելացման արդյունք չէ։ Տնտեսության զարգացումներն ի վնաս գործազրկության են։

Անցած տարի ունեցանք 7,6 տոկոսանոց տնտեսական անկում։ Այս տարվա սկզբին ևս տնտեսությունը գնում է պասիվացման ճանապարհով։ Անկումային են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Իսկ առանց տնտեսության զարգացման՝ անհնարին է պատկերացնել գործազրկության իրական բարելավում։

Անցած տարի մեր երկրում գործազրկության մակարդակի նվազում է արձանագրվել, նույնիսկ զբաղվածների թվի կրճատման պարագայում։ Այսինքն՝ մի կողմից՝ ավելացել են աշխատանք չունեցողները, որոնք, բնականաբար, համալրել են գործազուրկների շարքերը, իսկ մյուս կողմից՝ գործազուրկները պակասել են։

Եթե 2019թ. վերջին զբաղված էր 980 հազար, ապա 2020թ. վերջին՝ 967 հազար մարդ։

Զբաղվածների քանակը մեկ տարվա ընթացքում պակասել է շուրջ 13 հազարով։

Ենթադրաբար, դա պիտի հանգեցներ գործազուրկների թվի ավելացման։ Բայց այդ նույն ժամանակահատվածում գործազուրկների քանակը ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է ավելի քան 17 հազարով։

Սրանք աշխատաշուկայի այն փոփոխություններն են, որոնք արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Դրանք փաստում են, որ ունենք գործազրկության մակարդակի կտրուկ նվազում, բայց այն կապ չունի տնտեսության հետ։ Տնտեսության մեջ եղած աշխատատեղերը նույնիսկ պակասել են։

Աշխատատեղերի կրճատման ու տնտեսության խորը անկման պայմաններում՝ գործազրկության մակարդակը մեր երկրում իջել է 1,1 տոկոսով։

2019թ., երբ տնտեսությունն աճում էր, աշխատանքային ռեսուրսի 17,1 տոկոսն էր գործազուրկ, իսկ 2020թ., երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ էր, դարձել է 16 տոկոս։ Ճգնաժամի պայմաններում գործազուրկների թիվը մեր երկրում կրճատվել է ավելի քան 17 հազարով։

Սա ֆենոմենալ երևույթ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել