Tert.am-ը գրում է.

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Politique Internationale-ին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և 44-օրյա պատերազմի արդյունքներին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

– Որոշ աղբյուրների համաձայն, Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն՝ ո՛չ կարգավիճակ, ո՛չ անվտանգության երաշխիքներ...

– Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության։ Շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ի.Ալիևը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ։

 – Ի՞նչ կոնկրետ դրույթներ էին առաջարկում համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

– Համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։ Կրկնում եմ՝ բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։

1)     Վերջնական իրավական կարգավիճակ։

Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Ընդ որում ընդգծվում էր, որ հարցի կամ հարցերի ձևակերպումները, որոնք կդրվեն քվեարկության, որևէ կերպ չեն սահմանափակվելու՝ նախատեսելով որևէ կարգավիճակի ընտրություն։ Որպես Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մասնակցելու էր քվեարկությանը, հասկացվում էին որևէ ազգության մարդիկ, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին՝ նույն համամասնությամբ, ինչ մինչև հակամարտության սկիզբը, ինչը արտացոլված էր վերջին մարդահամարի տվյալներում։ Այն ժամանակ հայերը կազմում էին բնակչության ավելի քան 76 տոկոսը։  

2) Միջանկյալ կարգավիճակ։

Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմնակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի, արտաքին հարաբերությունների իրականացում այն բնագավառներում, որոնք նախատեսված են համաձայնագրով, ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս»։

3)    Անվտանգության երաշխիքներ։

Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ․ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։

4) Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։

Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, բազմակի անգամ ավելի մեծ լայնության։

5) Տարածքների վերադարձ։

Խաղաղության համաձայնագրի շրջանակներում ֆիքսված փաթեթային պայմանավորվածությունների շրջանակներում ամրագրված այնպիսի փոխկապակցված չափանիշների, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել