1in.am-ը գրում է.
Հնդկաստանի ոստիկանությունը Դելիի 5 ուսանողի է ձերբակալել, որոնք փորձել են կանգնեցնել Ագրա քաղաք ուղևորվող ավտոբուսը, որում ամերիկացի ուսանողուհիներ են եղել: Այս քաղաքում է գտնվում հանրահայտ Թաջ Մահալը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավտոբուսը, որում եղել են 13 ուսանողուհիներ ու նրանց ուղեկցորդը, կիրակի երեկոյան ընթացել է «Յամունա» արագընթաց մայրուղով, որը կապում է Դելին Ագրայի հետ: Հնդիկ ուսանողներն իրենց մեքենայով երկար ժամանակ հետևել են ավտոբուսին, անպատշաճ ժեստեր ցույց տվել ամերիկուհիներին, վախեցրել նրանց: Նրանք մեքենան կանգնեցրել են մայրուղու մեջտեղում՝ փորձելով արգելափակել ավտոբուսի ճանապարհը: Ամերիկուհիների ուղեկցորդը ոստիկանություն է կանչել:
Կանանց անվտանգության հետ կապված իրավիճակը Հնդկաստանում վերջին ամիսներին գտնվում է տեղի և արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Վերջին ամիսներին ԶԼՄ-ները հայտնել են Հնդկաստանում կանանց դեմ իրականացված մի շարք հարձակումների մասին, այդ թվում՝ օտարերկրացիների, որոնց թվում եղել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից: