Ընկերության մեկ տարին թռավ վայրկյանի պես: Պայծառ, երջանիկ օրերի կողքին կային նաև խռովություններ և վեճեր: Բայց արդյունքը մեկն էր. Նիկն ու Լիլին միասին էին:
Նշանակալից օրվան սկսեցին պատրաստվել երկուսն էլ:
Լիլին, լինելով ժամանակակից ռիթմերին համահունչ կյանքով ապրող պարմանուհի, ուներ իր անձնական հոգեբանը: Տոնին ընդառաջ աղջիկը որոշեց այցելել նրան:
- Դու սիրո՞ւմ ես նրան, - հարցրեց հոգեբանը:
- Այո, շատ, բայց...
- Բայց ի՞նչ:
- Հասկանո՞ւմ եք, դե...ո՞նց ասեմ: Այսքան ժամանակ նա ինձ անգամ չի էլ համբուրել: Մի անգամ պատահաբար ձեռքիս դիպավ, բայց այնպես խառնվեց իրար, որ երևի մտքում երդվեց էլ կյամքում նման բան չանել:
- Իսկ դու ուզո՞ւմ ես, որ նա քեզ համբուրի..
- Իհարկե: Ախր ես շատ եմ սիրում նրան:
- Ես քեզ կօգնեմ, - խորամանկ աչքով արեց Լիլիին հոգեբանը:
___________________________________
Նիկը հոգեբաններին չէր վստահում: Այդ պատճառով նա որոշեց խորհրդակցել իր լավագույն ընկերոջ` Թոմի հետ:
- Նիկ, ես այդպես էլ չհասկացա: Դու սիրո՞ւմ ես Լիլիին, թե՞ չէ:
- Այո, շատ, բայց....
- Բայց ի՞նչ:
- Հաականո՞ւմ ես...դե..ո՞նց ասեմ: Ինձ թվում է, Լիլիին ինձ հետ անհետաքրքիր է: Ես զգում եմ, որ նա միշտ ինչ-որ բան է սպասում ինձնից, բայց ես և՛ չեմ հասկանում, և՛ հետևաբար չեմ կարողանում իրականացնել:
- Իսկ դու ուզո՞ւմ ես, որ այս տոնը լինի երկուսիդ կյանքում ամենաանմոռանալի օրը:
- Իհարկե: Ախր ես նրան շատ եմ սիրում:
- Ես քեզ կօգնեմ, - խորամանկ աչքով արեց Նիկին Թոմը:
____________________________________
Երկար, շատ երկար որոնումներից հետո Լիլին ընտրեց մեջքը բաց մուգ կարմիր զգեստը: Այն ընդգծում էր աղջկա կատարյալ կազմվածքը և դարձնում նրան առավել գայթակղիչ և ցանկալի: Լիլին սպասելիքներ ուներ: Սիրտը հուզմունքից այնպես էր բաբախում, որ քիչ էր մնում դուրս թռչեր կրծքից: «Ընդամենը երկու կաթիլ, և նա ի զորու չի լինի կառավարել այն կիրքն ու ցանկությունը, որը խեղդել է իր մեջ մեկ տարի շարունակ»: Սեղմելով ափի մեջ հոգեբանի տված սրվակը` Լիլին ժպտաց: Պետք էր նախապատրաստվել կյանքի ամենառոմանտիկ ընթրիքին...
____________________________________
- Ուրեմն, երբ արդեն նվերը կհանձնես, կպարեք դե, գինի կխմեք, կընթրեք, ուղիղ տասներկուսին մենք դուրս կթռչենք սենյակի տարբեր անկյուններից ու փուչիկներով, պարելով ու երգելով կշնորհավորենք ձեզ:
- Կհավանի՞ բայց...
- Հա բա: Պատկերացրու. մութ սենյակ, մոմեր, ռոմանտիկա, մեկ էլ հանկարծ լիքը փուչիկներ ու մենք:
Ո՞վ լինի, որ նման անակնկալից չուրախանա: Անհնար է:
Նիկի աչքերը փայլեցին:
____________________________________
- Նիկ, շնորհակալ եմ նվերի համար: Շատ գեղեցիկ է:
- Սերս, այդ ես եմ շնորհակալ, որ մեկ տարի շարունակ զարդարում ես կյանքս քո ներկայությամբ:
Լիլին երանությամբ փակեց աչքերը և մի փոքր ձգվեց առաջ: Ահա, հիմա, հենց հիմա, այ հիմա...
- Ըըը, խմե՞նք, - հարցրեց Նիկը:
Լիլին բացեց աչքերը:
- Խմենք:
Նիկը դանդաղ կուլ տվեց այրող հեղուկը: Լիլիի ներկայությունից գլուխը պտտվում էր, բայց մտածել, ցանկանալ այլ բան Նիկի համար անընդունելի էր:
- Պարենք, - Նիկի ձեռքը բռնեց Լիլին:
Աշխարհը պտտվում էր: Խմիչքը դանդաղ իջնում էր ներքև... Լիլիի հպումից սարսուռ անցավ: Գրկել, գրկել, համբուրել նրան ու...
- Չէ, ուզում եմ մի քիչ նստել, - նրբորեն ձեռքը ետ քաշեց Նիկը: - Համ էլ սոված եմ:
Բայց Լիլին հանձնվել չէր պատրաստվում: Ձեռքի շարժումով ետ գցելով մազերը, նա մոտեցավ Նիկին և փաթաթվեց նրան:
- Ի՞նչ կուզեիր հիմա, հենց այս պահին, - շշնջաց տղայի ականջին:
- Ջուր, սառը ջուր ու..., - Նիկի ոտքերը թուլացել էին, օդը չէր հերիքում: Իսկ Լիլին այնքան մոտիկ էր ..
23:58 րոպե
Ցավի պես ծակող հաճույքը տարածվեց ողջ մարմնով մեկ: Նիկն էլ ավելի ուժեղ գրկեց Լիլիին ու նորից համբուրեց: Աղջկա փափուկ վարսերը հպվում էին նրա դեմքին` ավելի թուլացնելով կնոջ հմայքից և խմիչքից արբած տղամարդուն: Լիլիի շրթունքներն այրեցին Նիկի պարանոցի նուրբ մաշկը...
00:00 րոպե
- Շնորհավոոոոոոր:
- Հը՞, ի՞նչ, ո՞վ, - վախեցած վեր թռավ Լիլին:
Նիկը մտքում հայհոյում էր ինքն իրեն:
- Երեխեք ջան, - բոլորին ձեռքի շարժումով լռեցնելով երիտասարդ զույգին մոտեցավ Թոմը, - եկել ենք, որ այս օրը կրկնակի տոն դարձնենք, քանի որ մենք ձեզ շատ ենք սիրում:
Նիկի շունչը կտրվում էր:
Լիլին վեր թռավ տեղից և մոտեցավ հյուրերին:
- Թոմ ջան, բա չգիտեինք, որ գալու էիք:
- Վայ, Լիլ ջան, բա անակնկալի իմաստն էլ ո՞րն է: Համ էլ, - աչքով արեց Նիկին Թոմը, - հո մենակ Նիկի համա՞ր չէիր էսքան գեղեցկանալու:
Իսկ Նիկը բարկությունից քիչ էր մնում պատեպատ տար իրեն: Հանկարծակի արթնացած հրաբուխը այրում էր ներսից: Նիկը զգաց, որ վատանում է...
- Թոմ, - իրեն մի կերպ հավաքելով մոտեցավ ընկերոջը, - շնորհակալ ենք, ընկերս: Անակնկալը ստացվեց: Բայց արդեն ուշ է, վաղն աշխատանքի ենք:
Լիլին ներվայնությունից պլոկում էր այնքան խնամքով ներկված եղունգների լաքը:
- Չէ, սենց չեղավ: Հիմա մենք բոլորս կուտենք սա (Թոմը գլխի շարժումով ցույց տվեց հյուրերից մեկի ձեռքի տորթը), կխմենք, կպարենք, հետո նոր կմտածենք գնալու կամ չգնալու մասին: Գործը չի փախչի:
Նիկը կորցնում էր իրականության զգացումը: Ժպտացող դեմքեր, բարձր երաժշտություն, տորթի զզվելի և կպչուն կրեմն իր և Լիլիի դեմքին: Այս ամենը մղձավանջ էր հիշեցնում: Նա ուզում էր հիմա, այս վայրկյանին...դուրս շպրտել բոլոր հյուրերին և...
Ձեռքերի ափերը քրտնել էին:
Նա հայացքով Թոմին կանչեց մոտիկ:
- Թոմ, գնացեք էլի, գնացեք:
- Չեղավ, - գլուխը բացասական տարուբերեց ընկերը: - Մոռացել ես, ասեցիր. ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ, ինչ էլ ուզեմ, ինձ Լիլիի մոտ խայտառակ չանեք, անակնկալը կիսատ չթողնեք: Այնպես որ, ընկեր ջան, - ձեռքը թփթփացրեց տանջված Նիկի ուսին, - մենք այսօր գնացողը չենք:
Նիկի թարթիչները ծանրացել էին: Գլուխը պայթում էր, երաժշտությունն էլ կարծես սղոցում էր արդեն հիվանդ մտքերը:
Տանգո էր:
Նիկը գրեթե կոպիտ քաշեց Լիլիի ձեռքը և մոտեցրեց իրեն: Նրա բույրը, մազերը, մաշկը... Նիկը զգաց, որ կորցնում է ինքնատիրապետումը: Ձեռքն ակամա իջնում էր ներքև` անվստահ և աննկատ շոյելով Լիլիի մարմինը: Աղջիկը զգաստացավ, իսկ Նիկի ձեռքերը գնալով ավելի համարձակ էին գործում: Նա իրեն սեղմեց աղջկան, իսկ ձեռքը ներթափանցեց բարակ կտորից ներս: Հպվելով Լիլիի նուրբ մաշկին, Նիկը հասկացավ. ետ դառնալն իր համար հավասար կլիներ մահվան:
Նա դողացող շուրթերը մոտեցրեց աղջկա դեմքին: «Կներես», - շշնջաց Նիկը: Մեկ տարվա ընթացքում անգամ չերազած մտքերն իրականություն էին դառնում:
«Թող, ամոթ է, թող», - շուրջը նայելով անվերջ կրինում էր Լիլին:
Երբ պարն ավարտվեց, սենյակում լռություն էր: Իսկ կենտրոնում, բոլորի ապշած աչքերի առջև Նիկը համբուրում էր Լիլիին և շոյում նրա կուրծքը:
- Նիկ, - հազիվ կարողացավ արտաբերել Թոմը:
- Դուրս կորեք, դուրս:
Հյուրերը ոչինչ չհասկանալով իրար էին նայում:
- Չեք հասկանում, դուրս կորեք:
Նիկի վզի երակները պրկվել էին, և քրտինքը կաթում էր նրա ճակատից:
Թոմը մոտեցավ ընկերոջը: Մի քանի վայրկյան լուռ նայեց նրան և ձեռքի բաժակի ջուրը դանդաղ լցրեց նրա գլխին: Նիկը սեղմեց բռունքները:
Լսվեց խուլ գմփոց: Բոլորը պտտվեցին ձայնի ուղղությամբ:
Լիլին կանգնած էր պայթած փուչիկի թելը ձեռքին և լաց էր լինում:
____________________________________
- Բարի լույս:
Սկզբից բացելով ձախ, ապա աջ աչքը, Նիկն ի վերջո նայեց բարևողին: Թոմն էր:
- Երեկվա արածդ դուրդ եկա՞վ:
- Ո՞ր արածս: Ի՞նչ երեկ:
----------------------------------
Մեկ ամսից Նիկն ու Լիլին ամուսնացան: