Նորմալ ժողովրդավարական երկրներում (չնայած ըստ իս ժողովրդավարություն կամ լինում է, կամ չի լինում, նորմալ ու աննորմալ չկա) պետությունն ու քաղաքացիները ունեն հստակ իրավունքներ և պարտականություններ, որոնք բխում են իրարից։ Օրինակ՝ եթե դու ունես կրթություն ստանալու, աշխատելու, հանգստանալու և այլ իրավունքներ, ապա պարտավոր ես վճարել ուսման համար, պետությունը պարտավոր է քեզ ապահովել աշխատանքով, վճարել կատարած աշխատանքի դիմաց, որի որոշ հատվածը դու պետք է վճարես պետությանը որպես հարկ և այլն։
Հիմա վերադառնանք հայաստանյան իրականություն։ «Նաիրիտի» գործունեության կասեցման տխուր հետևանքների մասին շատ չեմ գրում, քանի որ գրեթե բոլորը գիտակցում են, որ 10000 աշխատատեղ կորցնելը առանց այդ էլ խնդիրների մեջ թաղված մեր երկրի համար նոր խնդիրներ կստեղծի։ Իմ մատնանշած խնդիրը հետևյալի մեջ է։ Ինչպես գիտեք, «Նաիրիտի» աշխատողները շուրջ 1 տարուց ավել աշխատավարձ չեն ստացել, ինչը կազմում է ավելի քան մեկ միլիոն ՀՀ դրամ։ Եթե մարդիկ չեն ստանում աշխատավարձ, այդ ընթացքում մի կերպ յոլա են գնում, բնականաբար չեն կարող նաև վճարել հարկեր, բայց օրինակ հողի և գույքահարկի չվճարման համար պետությունը սահմանում է տուգանք՝ օրական 0,15%-ի չափով, այսինքն` տարեկան 54,75% հավելյալ գումար, որը պետք է վճարի քաղաքացին, քանի որ ժամանակին չի ստացել աշխատավարձ և վճարում չի կատարել, իսկ որոշ ժամանակ անց դատարանի վճռով պետությունը կբռնագանձի այդ գումարը։
Բայց ի տարբերություն հարկերի վրա ավելացող տույժերի՝ քաղաքացու աշխատավարձի ուշացման դեպքում ոչ ոք պատասխանատվություն չի կրում, էլ չեմ խոսում տուգանքների մասին։ Վստահ եմ, եթե նույն քաղաքացին իր մեկ միլիոնի փոխարեն ստանա 54,75%-ով ավելի գումար, ապա մեծ պատրաստակամությամբ կփոխհատուցի պետությանը հասցրած իր «վնասը»։ Բայց մենք, լինելով խիստ պարադոքսալ երկիր, համոզվում ենք, որ մեծամասամբ այստեղ քաղաքացին ունի պարտականություններ և չունի իրավունքներ, իսկ պետությունը ունի իրավունքներ, բայց չունի պարտականություններ։