Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2021թ. ապրիլի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել ՀԽՍՀ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայության կայացման գործում։
Արման Նավասարդյանը ծնվել է 1939թ. Երևանում։ 1960թ․ ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, իսկ 1976թ․՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ 1973թ․ ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ ստորաբաժանումներում և արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մարմիններում։ 1991-1993թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը։ 1993-1998թթ. եղել է ՀՀ դեսպանը Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, իսկ 1998-2001թթ.՝ ՀՀ դեսպանը Լիբանանում։
Այնուհետև, Արման Նավասարդյանն իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է երիտասարդ դիվանագետների ու քաղաքագետների պատրաստման գործին՝ դասախոսական աշխատանք կատարելով Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում։ Արժեքավոր են նաև Արման Նավասարդյանի քաղաքական վերլուծությունները և հրապարակախոսական գործունեությունը։
Բազմափորձ դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արման Նավասարդյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Նավասարդյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։
Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/6045853518774127
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել