1in.am-ը գրում է.

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ICRC) ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած և հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնված հայ շարքային զինծառայողին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակությունից: 

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից նաև տեղեկացրին, որ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են ԿԽՄԿ-ին, որ իսկապես այդպիսի փաստ տեղի է ունեցել, ուստի ներկայումս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն զբաղվում է գերու հետ հանդիպման կազմակերպման աշխատանքներով: Այս պահին ԿԽՄԿ-ն այդ քայլերն է ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանում հայտնված հայ գերուն հանդիպելու իրավունք ստանա: Այսինքն՝ ԿԽՄԿ-ն դեռ բանակցությունների փուլում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել