Այս հարցը մենք՝ հայերս, հաճախ տալիս ենք՝ դրան վերաբերվելով ոչ թե աշխարհաքաղաքական շահերի, այլ մարդկային հարաբերությունների տրամաբանությամբ։
Ի տարբերություն մարդկային ընկերության, որը հաճախ կարող է բերել անձնազոհության, պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները երբեք այդպիսին չեն լինում։
Մենք դաշնակիցներ չունենք։
Բայց տարածաշրջանային իրողությունները այնպես են դասավորվել, որ վերջին 200 տարում այստեղ առաջնային շահեր ունի Ռուսաստանը։ Եթե մեզ թվում է, թե դաշնակցային պայմանագրով ռուսները պիտի մեզ վերաբերվեն որպես եղբոր, առնվազն սխալվում ենք։ Ոչ ոք մեզ եղբայր կամ այլ ազգական չէ, ինչքան էլ հրապարակային խոսքում այդպիսի կոչեր լսենք։
Համապատասխանո՞ւմ են մեր շահերը Ռուսաստանի շահերի հետ, նշանակում է՝ կարող ենք միասին ճանապարհ գնալ։ Եթե ոչ Ռուսաստանը, ապա ո՞վ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան։ Հնարավոր է։ Իսկ արդյո՞ք այդ տերությունները ցանկություն ունեն այստեղ լինել։
2000-ականներին ԱՄՆ-ն օգնեց, որ Վրաստանից հանեն ռուսական գործոնը։ Մնա՞ց արդյոք ԱՄՆ-ն Վրաստանում, կամ դարձա՞վ արդյոք Վրաստանը ավելի անկախ։ Ոչ։ Վրաստանը վերածվեց Թուրքիայի գաղութի։ Ռուսական գործոնի տեղը լցվեց թուրքական գործոնով։
Հնարավոր արձագանքին, թե մենք պետք է լինենք լիարժեք անկախ, ստիպված եմ ցավով արձանագրել, որ չկան լիարժեք անկախ երկրներ, կան գործընկերային շահեր։ Գուցե այդպիսի մոտեցումները անվանենք ստրկամտություն, բայց պետք է հասկանանք, որ քաղաքական գործընթացները և մարդկային նեղանձնական հարաբերությունները նույն երևույթը չեն։
Պետությունները բազմաթիվ թելերով կապված են իրար հետ՝ տնտեսական և ռազմական պոտենցիալներով պայմանավորված։
ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը սոսկ վայր է, որտեղից պետք է քշել ռուսական գործոնը, իսկ թե տեղը ում գործոնը կլինի, էական չէ, միանշանակ՝ ոչ ամերիկյան կամ եվրոպական։
Ռուսաստանի համար Հարավային Կովկասը իր հարավային սահմանն է, որը եթե կորցնի, դոմինոյի էֆեկտով կսկսվի Չեչնիայի, ԻՆգուշեթիայի, Դաղստանի, Անապայի, Նովոռոսիյսկի, Սոչիի, Ղրիմի կորուստը։
Տարիներ շարունակ պնդել եմ, այժմ էլ ասում եմ՝ Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են, դա պետք է արտահայտվի ոչ թե ուղղահայաց՝ քծնանքի ու մեծ եղբոր սկզբունքով, այլ փոխադարձ շահերով՝ որքան Ռուսաստանը մեզ պետք է անվտանգային առումով, այնքան Հայաստանը պետք է Ռուսաստանին՝ հարավից իր աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու և թուրքական ներխուժումը դեպի Հյուսիսային Կովկաս կանխելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158194906093831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել