Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 4-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:  

Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Առաքելյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ժաննա Շահնազարյանը:  

Արդեն ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում:   Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ):  

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել