Armtimes.com-ը գրում է․
Առողջապահության նախարարությունն այսօր հայտնեց, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք է հայտնաբերվել:
Կորոնավիրուսի նոր, այսպես կոչված բրիտանական շտամը, ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամերը: Նոր շտամով վարակվածների օրգանիզմում վիրուսը ավելի ինտենսիվորեն է բազմանում, ինչը առաջացնում է ավելի ծանր հազ, մկանների ցավ և հոգնածություն: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչությունը (ONS):
Ըստ վարչության՝ հիվանդացությունը նույն կերպ է ընթանում, սակայն վիրուսի «չինական» տարբերակից այն տարբերվում է նրանով, որ այս դեպքում համի եւ հոտառության կորուստը ավելի քիչ է, թեպետ դրանք հիվանդության հիմնական ախտանիշների շարքում են: ONS-ն նշում է նաեւ, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի շատ բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, ուժեղ հոգնածությունը, կոկորդի եւ մկանների ցավը:
Բրիտանիայում նոր եւ զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ խորհրդատվական խորհուրդը հաստատել է, որ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70%-ով ավելի վարակիչ լինել, իսկ Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը հավաստում է, որ բրիտանական շտամը 64% -ով ավելի մահացու է նախորդներից: Ուսումնասիրության արդյունքները մարտի 10-ին հրապարակվել են նաեւ Բրիտանական բժշկական ամսագրում: Հետազոտողները հետեւել են հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի ածտորոշում ունեցող մոտ 55. 000 մարդու առողջական վիճակին: Արդյունքում պարզվել է, որ նոր տարբերակով վարակվածների մահվան հավանականությունը 64% -ով բարձր է: Մասնավորապես, 1000 դեպքից մահացության մակարդակը 2.5-ից հասել է 4.1-ի:
Կորոնավիրուսի բրիտանական շտամը սկզբնապես հայտնաբերվել էր Անգլիայում անցած տարվա աշնանը և արագորեն տարածվել էր ամբողջ Մեծ Բրիտանիայում՝ ստիպելով իշխանություններին կիրառել համատարած արգելափակում: Արդեն նոյեմբերին Լոնդոնում կորոնավիրուսով վարակվածների 25% -ը կազմում էին հենց կորոնավիրուսի այս շտամով վարակվածները: Իսկ դեկտեմբերի կեսերին՝ ավելի քան 65%-ը:
Այսօր կորոնավիրուսի նոր տարբերակը հայտնաբերված է ավելի քան 120, այդ թվում՝ մեր եւ մեր հարեւան երկրներում:
Առողջապահության նախարարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե վերջերս ՀՀ ներկրված պատվաստանյութերը արդյո՞ք արդյունավետ կլինեն նոր շտամի դեմ, որին ի պատասխան նա հավաստեց, որ ներկրված պատվաստանյութերը կորոնավիրուսի բրիտանական շտամի վրա եւս ազդեցություն ունենում են:
«ԱՀԿ-ն եւս հաստատում է, որ պատվաստանյութերը ընդհանուր վարակի դեմ են պայքարում, այսինքն՝ օգնում են, որ վարակված քաղաքացին հիվանդությունը թեթեւ տանի՝ դրանով նաեւ կրճատելով ու բացառելով մահվան ելքերը: Եվ կապ չունի՝ որ շտամն է »,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է՝ նորից անցնենք խստացված սահմանափակումների, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ այդպիսի հարց դեռեւս չի քննարկվել, իսկ եթե լինի նման որոշում, առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամներով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետեւել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ: