Google ընկերությունը որոշել է երկրաշարժի մասին ծանուցող համաշխարհային համակարգ ստեղծել։ Սեյսմոմերեր կդառնան Android համակարգով աշխատող միլիոնավոր սմարթֆոններ։

Գլոբալ համակարգի ստեղծումը ծախսատար աշխատանք է։ Դրա համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ սեյսմոմետրեր, որոնք, սակայն, բավականին թանկ արժեն և մշտական խնամք ու հսկողություն են պահանջում։

Իհարկե, հեռախոսների ներսում գտնվող աքսելերոմետրերը չեն կարող հստակորեն գնահատել ստորգետնյա ցնցումները, վերլուծել դրանք և հայտնել դրանց մասին։ Սակայն դրանք կարող են օգնել այլ ծառայություններին իրենց տվյալներով ու ծանուցման համակարգերով։

Նախագծի թողարկումը փուլ առ փուլ տեղի կունենա։ Առաջին փուլում նախատեսվում է զբաղվել ստորգետնյա ցնումների մասին տեղեկությունների հավաքագրմամբ։ Սկզբում մասնագետները կթարմացնեն Android-ի ծրագրային ապահովումը, ապա հեռախոսներում անհրաժեշտ կլինի ակտիվացնել նոր ֆունկցիաներ, միանալ համացանցին։ ԱՆշարժ դիրքում կանգնելու ընթացքում եթե սենսորները զգան ստորգետնյա ցնցումներ, ապա ծրագիրը համապատասխան տվյալները կուղարկի Google-ի կենտրոնական սերվեր։ Այնտեղ կմշակվի ողջ տեղեկատվությունը՝ ներառյալ մագնիտուդն ու վայրը, որտեղ գրանցվել են ցնցումները։

Երկրորդ փուլում նախատեսվում է օպտիմիզացնել ծանուցման համակարգը։ Հնարավոր վտանգի մասին ծանուցելու հետ մեկտեղ նաև սմարթֆոնի էկրանին կհայտնվեն անհրաժեշտ խորհուրդներ այն մասին, թե ինչպես է հարկավոր վարվել նման իրավիճակում։

Մշակողները նշում են, որ ծրագրի օգտագործումը չի ազդի օգտատերերի տվյալների գաղտնիության ապահովման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել