Imyerevan.am-ը գրում է.

Հայկական փաբերից ամենահինը Դեթրոիթն էր, նրա մասին արձանագրություններ չեն պահպանվել: Իսկ այսօր Երևանում ամեն օր նոր փաբ է բացվում, պետք է պարզապես հասցնել շրջել դրանցով և գտնել սեփական հանգրվանը: Ձեր գործը թեթևացնելու համար ներկայացնեմ յուրաքանչյուրի առանձնահատկությունը: Զգուշացում. ինչ խոսք, փորձել եմ լինել օբյեկտիվ, բայց մարդը սուբյեկտիվ արարած է:

 

 

Irish . Թվում է՝ այն պետք է լիներ փաբերի փաբը, չէ որ, ի վերջո իռլանդական է, իսկ առաջին փաբերը հենց Իռլանդիայում են ի հայտ եկել: Ցավոք, այստեղ դժվար թե ձեզ պարուրեն իռլանդական կրքերը, կահավորանքում նույնպես արտառոց ոչինչ չկա, փոխարենը կարող եք սեղանի ֆուտբոլ խաղալ և մասնակցել հայտնի «Ինչ, Որտեղ, Երբ» խաղին: Կարճ ասած, Irish-ը քմահաճ փաբիստի համար չէ:

Troll . Առասպելական տրոլների իսկական որջ, որտեղից միշտ հնչում է բարձր երաժշտություն: Եթե տառապում եք կլաուստրաֆոբիայով, ապա այս վայրը ձեզ համար չէ: Տրոլը կզարմացնի ֆիրմային կծու պղպեղներով՝ լցոնված օղիով:

Station . Այն նախկին Metro Music փաբն է, որը շնորհիվ իր հյուրընկալության և վառ կարմիր վահանակի միանգամից գտավ իր տեղը փաբային արևի տակ: Նշեմ, որ Metro Music-ը վերաբացվել է Խանջյան փողոցում և նրանից միայն անունն է նույնը մնացել: Station-ում գործում են զեղչի հատուկ օրեր, բացի այդ՝ փառաբանենք փաբի հրաշք երգացանկը՝ The Rolling Stones, Aerosmith, Kiss, Pink Floyd:

Patriots . Եթե ցանկանում եք մի քանի ժամով տեղափոխվել հայոց լեռներ ու սարեր, զգալ պապերի առնական ոգին, ապա ներխուժեք Patriots փաբ: Այն հայոց արծիվ-երիտասարդների բնօրրանն է, որտեղ հնչում է միմիայն ազգային-ռազմահայրենասիրական երգը:

Factory. Եթե սիրում եք համեղ ուտել, բայց միևնույն ժամանակ չեք ցանկանում դուրս գալ փաբային միջավայրից, ապա սա այն է, ինչ պետք է: Զանազան բուրգերները փաբի ֆիշկան են: Ի դեպ, Factory-ում մի անգամ Լիլիթ Հովհաննիսյանի երգերից էին միացրել: Ես ամեն ինչ գիտեմ:

Calumet . Մուտքի մոտ միշտ կանգնած են անվտանգության մի քանի աշխատակից: Հավանաբար, նրանց կարիքը զգացվում է: Calumet-ն տարբեր մշակույթների խաչմերուկ է, այստեղ կհանդիպեք Ռոբինզոն Կրուզոյի արտաքինով մարդկանց և իսկական հիպպիների: Եթե պատրաստ եք դառնալ ինտերնացիոնալ ընտանիքի անդամ, շտապեք տեղ ամրագրել, այստեղ մշտապես մարդաշատ է:

White Crow. Սպիտակ ագռավների կացարան կարող եք գնալ ընկերախմբով, ավելորդ արկածների հույս չունենաք: Համենայն դեպս, նախադեպեր չեն եղել:

Friends. Երկու սրահ, որոնցից առաջինն այնքան անշուք է, որ մտածում ես, եթե համապատասխան միջոցներ ունենայիր, մի լավ կվերանորոգեիր: Իսկ մուտքի մոտ տարածվող ֆրի կարտոֆիլի բույրը, մեղմ ասած, փաբային չէ:

The Beatles . Պատերից մեզ հետևում են բիթլների տարբեր ժամանակների լուսանկարները: Ի դեպ, այստեղ բացի լիվերպուլցի տղաների կատարումներից, հնչում են այլ երգեր ևս:

Process. Այս փաբի մշտապես փակ դուռը բացվում է միայն փաբային ընտանիքի անդամների առջև: Եթե ձեզ «խաղացրեցին» ու ընդունեցին, կտեսնեք, որ ներսում շատ գունավոր է և ուրախ: Այստեղ կյանքը պրոցեսի մեջ է:

90s. Կանաչ ցուցանակ, մուտքի մոտ դրված Ֆուջիկա վառարան և լամպ: Սա միայն սկիզբն է, ներսում այս ամենի եռապատիկին կհանդիպեք: Այստեղ ամեն ինչ շատ յուրօրինակ է, սկսած սովորական տետր մենյուից, վերջացրած հնոտի հիշեցնող բազմոցներն ու բազկաթոռները: Միայն այստեղ կարող եք Տետրիս և լոտո խաղալ:

Photopub. Լուսանկարիչների չեք հանդիպի, թեև պատերը զարդարված են տարբեր ոլորտի հայտնի մարդկանց լուսանկարներով: Կեսգիշերից հետո, երբ փաբերի մեծ մասը փակ է, Ֆոտոփաբի հիմնական մուտքը փակվում է ու այնտեղ տանող ճամփան նույնպես փոխվում: Ու սկսվում է միստիկան:

Eco. Սա փաբ է, որտեղ չեն ծխում, փոխարենը կազմակերպվում են առողջ երեկույթներ, ձմերուկի և եգիպտացորենի օրեր: Էկո փաբն ունի թալիսման, բարմեն Չինոն է: Նրա բարի ժպիտը կստիպի ձեզ գոնե մեկ ժամ հյուրընկալվել այս փաբում, եթե նույնիսկ ծխող եք: Սա կամքի ուժը ստուգելու լավ վայր է:

Kings. Այստեղ հնչում է արքայավայել երաժշտություն՝ ջազ, բլյուզ, ռոք: Եթե ձեր բախտը բերի ու դուք հայտնվեք այստեղ այն օրերին, երբ հնչում է Արթուր Մեսչյան կամ Chris Rea, ապա կարող եք հաշվել, որ երեկոն ստացված է:

Britannia. Ընդհատակյա փաբում բրիտանական թեմատիկան ամենուրեք է: Փաբի տիրակալը բարմեն Ջոն է: Եթե նա ընկերանա ձեզ հետ, ապա կառաջարկի իր ֆիրմային անզուգական Ջո կոկտեյլը, եթե ոչ՝ ապա ստիպված կլինեք խմել սովորական մի բան:

Urban. Այստեղ կարող են կյանքի կոչել ձեր ամենախենթ մտահղացումները կոկտեյլների տեսքով: Ինքներդ կարող եք որոշել դրա գույնը, բաղադրությունը, չափն ու գինը: Եթե մի քիչ էլ պնդերես լինեք, ապա միգուցե Դիմային համոզեք, որ հենց դուք էլ այն պատրաստեք: Դեպքեր եղել են:

Hemingway. Կա երկու վարկած՝ կամ այստեղ հավաքվում են այս գրողի սիրահարները, կամ Հեմինգուեյը ինքը փաբիստ է եղել: Իսկ փաստն այն է, որ այս վայրի շուրջ սկսել են լեգենդներ պտտվել, թե իբրև այստեղ հավաքվում է Երևանի առանց բարդույթների զանգվածը:

Eden. Այս դրախտում ամեն ինչ հողեղեն է ու երկրային, և դա բնավ չի խոչնդոտում, որ հենց հենց այս երկրային դրախտում կազմակերպվեն մեր քաղաքի ամենաթեժ երեկույթները:

InRock. Մանուշակագույն միջավայր, մոմեր, կապույտ թեյ և 7D հնչողություն: Այս վայրը փաբերից թերևս ամենաթիթիզն է, բացի այդ՝ այստեղ ամեն ինչ կանոնակարգված է, վախենում ես մի բան այնպես չանել, որ հետո չամաչես: Հենց այստեղ պարբերաբար ելույթ է ունենում Վահան Արծրունին:

Oak. Չխառնել ՕԵԿ-ի հետ: Բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է «կաղնի»: Փաբը նորերից է, նրա մասին շատ չեն խոսում: Վայրը երկհարկանի է, առաջին հարկում սրճարանատիպ մի բան է, ամենը՝ փայտից, ներքում փաբն է, որը կեսգիշերից հետո վերածվում է իսկական խրախճանքի վայրի գիշերային մարդկանց համար:

Uptown. սա փաբ-ակումբ է, որը հասցրել է դառնալ շատերի սիրելի վայրը, հիմնականում այստեղ են լինում նախկին Բուրբոնի այցելուները: Փաբը բավականին հայտնի է նաև Ֆեյսբուքում, եթե այն մի օր դադարի իրականում գոյություն ունենալ, ապա հանգիստ կարող է գործել նաև օնլայն:

Yankee . Այստեղ իշխում է հանելուկային մթնոլորտ, հատակը փայտյա է ու քրքրված, իսկ յանկիների փոխարեն կարելի է հանդիպել օդում ուրախ-զվարթ սավառնող ցեցերի: Թե որտեղից են դրանք հայտնվել այս փաբում և ինչ առաքելություն ունեն՝ չգիտեմ, բայց որ յուրօրինակ կոլորիտ են հաղորդում փաբին, դա միանշանակ:

80s . Վերջերս այն ենթարկվեց կողոպուտի, բայց նորից վերականգնվեց, այս վայրի փոքր չափերը փաբին յուրօրինակ ջերմություն են հաղորդում, այստեղ ցուրտ օրերին կարելի է վայելել ամենահամեղ թեյն ու լսել 80-ականների հիթեր:

Friday. Երբ այս փաբ մտա, բարի մոտ, ոտքը դիմացի աթոռին դրած մի աղջիկ էր նստել, դա ինձ դուր չեկավ, միանգամից դուրս եկանք, բայց միգուցե ես ընդգծված սուբյեկտիվ եմ: Ներեցեք, թե կարող եք:

Cuba. Այստեղ բոլորն իրար գիտեն, ու եթե նորեկ եք, ապա կարժանանաք բոլորի ուշադրությանը, սակայն դա երկար չի տևի: Երբևէ այստեղ չեմ լսել կուբայական երաժշտություն, բայց փոխարենը հնչել են ռետրո հիթեր՝ Լամբադայից մինչև հայտնի Sex bomb-ը:

Wild West. Ժամանակին մարդիկ գալիս էին վայելելու ռոք երաժշտության գոհարները, այժմ սա սովորական փաբ է՝ անսովոր այցելուներով: Եզակի փաբերից է, որտեղ գերիշխողն ավելի շատ ավագ սերնդի ներկայացուցիչներն են:

Texas . Այս փաբի դուռը նույնպես բացվում է միայն ընտրյալների առջև: Եթե հաջողվի ներս մտնել, ապա կարող եք տեղափոխվել մանկություն ու փոքրիկ չարաճճիություններ անել, օրինակ՝ պիստակի կեղևները թափել հենց գետնին:

The Bobs. Փաբ-ակումբ, երկու միջավայր՝ մեկ փաբում: Այստեղ կարող եք և՛ խմել, և՛ համեղ ուտել. ռեստորանին վայել կերակրացանկ:

Tom Collins. Այն կարող է գրավել լատինական ռիթմերի սիրահարներին, ամեն շաբաթ տեղի է ունենում համանուն հավաքույթ, ու լատինական թեժ կրքերը երաշխավորված են:

Bristol. Անհայտ ձևաչափի փաբ: Միգուցե՝ ակումբ: Այստեղ պարում են, խմում: Գրեթե միշտ հնչում է ժամանակակից երաժշտություն, ու ինչ-որ փարթիներ են անընդհատ:

Tros. Դրոյի մոտ կարող են մուտք գործել միայն այն մարդիկ, ովքեր ունեն փաբի քարտ: Այն չի վաճառվում, ու ոչ էլ խաղարկվում է: Անձամբ մոտեցեք Դրոյին, նա բարի է, չի մերժի:

Red Bull. Մեկը՝ ամենահներից: Հիմա արդեն սովորական փաբ բոլոր նրանց համար, ովքեր քմահաճ չեն ու կարևորում են ոչ թե մթնոլորտը, այլ ընկերակցողին:

Beer Academy. Սա սովորական գարեջրատուն չէ, սա գարեջրասերների իսկական ակադեմիա է: Տարբեր գույնի ու համի, նույնքան տարբեր տրամադրություններ պարգևող: Այստեղ բոլորը հավասար են և նրանց միավորում է գարեջուրը:

Underground. ժամանակին այս վայրը Cheers էր կոչվում, հետո անվանափոխվեց, սակայն մինչև օրս էլ նրան Cheers են ասում: Սա այն վայրերից է, ուր գնում են կեսգիշերից հետո ու այն էլ ոչ սթափ վիճակում: Այստեղ պարում են, խմում, իսկ հաջորդ օրը փորձում վերհիշել իրադարձությունները:

London. Երբ այս վայրը բացվեց, փաբիստները երջանկացան. վերջապես մի իսկական անգլիական փաբ կլինի: Սակայն ժամանակի ընթացքում քլաբերները հաղթեցին, ու առաջվա Astral-ը London-ի անվան տակ վերածնունդ ապրեց:

 

Հ. Գ.Վերջերս Վերնիսաժի շրջակայքում վերաբացվեց նոր Burbon, Մաշտոցի պողոտայում՝ Rancho փաբը: Իսկ Սայաթ-Նովա և Փարպեցի փողոցներում սպասվում է միանգամից երկու նոր փաբի ծնունդ:

 Նունե Այլանջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել