Այնպես է ստացվել, որ ես ժամանակին զինվորական ծառայությունս անցել եմ ԼՂՀ ՊԲում, կամ ինչպես ժողովուրդն է ասում` “Ղարաբաղի բանակում”, իսկ փոքր ախպերս` ՀՀ ԶՈւ ԲԿներում, կամ ինչպես ժողովուրդն է ասում “Հայաստանի բանակում”: Ի սկզբանե սխալ եմ համարում նման բաժանումը, որովհետև անկասկած Հայաստանի բանակը այս երկուսի միասնությունն է: Այնուամենայնիվ, ցանկանում եմ այս գրառմանս մեջ անցկացնել համեմատականներ, ելնելով սեփական դիտարկումներիցս, կարծում եմ Ձեզ էլ հետաքրքիր կլինի:

1. Առաջին չափանիշը, որին կուզենայի անդրադառնալ` մարտական պատրաստվածությունն ու բարոյահոգեբանական վիճակն է: Թերևս ամենադիպուկ բնութագիրը այս առումով ես լսել եմ հենց ՊԲում, որտեղ ասում էին “Հայաստանում զինված ուժեր են, իսկ մեզ մոտ` բանակ”: Ու իսկապես, գրեթե բոլոր զորավարժություններում և մրցույթներում ՊԲի տղաները միշտ էլ լավագույն էին դրսևորում իրենց, իսկ զորամասերի ընդհանուր հոգեբանական վիճակը, չնայած որոշ անխուսափելի թերացումների, անհամեմատ ավելի բարձր էր քան այն, ինչին ես ականատես եմ եղել կամ լսել եմ ԲԿներում ծառայածներից:
2. Հաճելի անակնկալ էր ինձ համար նաև արցախյան շատ սեպցիֆիկմենթալիտետը: Ասեմ Ձեզ, որ այնտեղ ամոթ բան է համարվում գումարով զորացրվելը, անկախ նրանից, թե ինչ հասարակական ու սոցիալական դիրք է զբաղեցնում տվյալ զորակոչիկի ընտանիքը, ծառայում էին գրեթե բոլոր: Վառ օրինակ է հենց մեր նախարար Սերյան Օհանյանը, որն իմ ծառայության ժամանկ ՊԲ հրամանատարն էր: Նրա երկու որդիներն էլ ծառայում էին բանակում` մեծը սպա էր, իսկ փոքր տղան ժամկետային զինծառայող էր, ընդ որում ծառայել էր հենց  մեր ուսումնական զորամասում:
Պատմեմ մի հատկանշական դեպք: Երբ Օհանյանի կրտսեր որդու զորակոչը ավարտել էր ուսումնական զորամասի կուրսը և սերժանտական կոչումների շնորհման արարողությունից հետո նրանց պետք է ցրեին այլ զորամասերով, Օհանյանը նայել էր ցուցակները, և տեսել էր, որ հարուստների, պաշտոնավորների ու բարձրաստիճան այրերի որդիները, այդ թվում նաև իր որդին, պետք է շարունակեին ծառայությունը Ստեփանակերտի և դրան հարակից զորամասերում: Նա հենց արարողության ժամանակ հրապարակավ պատռել էր ցուցակները և հրամայել, որ պատահականության սկզբունքով ու ձեռքով կատարվի նոր վերաբաշխում, ինչից հետո իր որդին ընկել էր ամենահեռու զորամասերից մեկը ու այնտեղ էլ ծառայել էր մինչև վերջ…
3. Սննդի, մատակարարման և տեխնիկապես հագեցվածության առումով ևս ՊԲն ոչ մի բանով չի զիջում ԲԿներին, իսկ հաճախ նաև գերազանցում է, էլ չասեմ, որ բացի բանակի կողմից հատկացվող սննդամթերքից, Արցախի հարուստ հողը մատակարարում էր մեզ տարբեր դելիկատեսներով` սունկ, տարատեսակ մրգեր, սահմանի վրա` վայրի խոզեր, եղնիկներ և այլն:
4. Անկասկած է նաև այն, որ ՊԲում անհամեմատ ավելի ցածր է կոռումպացվածությունը ու անհամեմատ ավելի քիչ են պատահական մարդիկ, որոնք ստացել են սպայական կոչումներ: Սպայական անձնակազմը` հատկամես միջին և ավագ հրամանատարական կազմը, գրեթե ամբողջ իր կազմով ունի իրական մարտական փորձ, ինչը ևս խիստ կարևորում եմ բանակի մարտունակության համար: Մեզ մոտ քիչ էին նաև տափակ ու անիմաստ սալդաֆոնությունը` մենք կանաչ գույնով չէինք ներկում գազոնի խոտը, պահպանում էինք մաքրությունը, բայց չեինք վերածվում համազգեստով դվոռնիկների, չէինք կառուցում գնդապետերի ու այլ սպաների դաչաները…

Իհարկ է, կային թերություններ ու թերացումներ, բայց դրանք անհամեմատ ավելի մանր են քան ԲԿում: Ու առհասարակ, պետք է նշեմ, որ ի տարբերություն հայաստանյան գեներալների, մեր գեներալները բոլորն անխտիր կռված էին ու անգամ տարիներ անց չէին հիշացնում պոռտուգալական գոմեշի, որը չի կարող հարկ եղած դեպքում տեղավորվի տանկի լյուկում, ինչպես մեր ԳՇ պետը…
5. Թերևս միակ հարցը, որտեղ ԲԿները ավելի շահեկան պայմաններ են առաջարկում զինվորին`արձակուրդի տևողությունն է, որը 5 օրով ավել է: Սակայն, արդարության համար պետք է նշեմ, որ Արցախում փող չունենալու պատճառով արձակուրդ չգնալը կարելի է ասել բացառվում էր, ինչը չես կարող ասել ԲԿների մասին:

Երևի այսքանը այս անգամվա համար: Մնում է ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս ԶՈւ կազմավորման 20ամյակի կապակցությամբ ու մաղթե մեր բանակին հետագա հզորացում, առկա թերությունների վերացում ու խաղաղություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել