Tert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, նախորդ տարվա վերջին երկրորդ անգամ մայր դարձավ: Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է երեխայի ծննդից հետո փոխված ոճի, առաջնայինը բալիկների համար գնումներ անելու, երեխաների, սկեսուրի հետ հարաբերությունների մասին:
Մարիամի խոսքով՝ մարդու ոճն ամենակարևորներից է, առաջին տպավորություն թողնելու հիմնական գործոնը: «Մարդու ոճը շատ բան կարող է պատմել բնավորության, հոգեվիճակի մասին: Ինձ մոտ տարիքային տարբեր փուլերում ոճը տարբեր է եղել: Տարեցտարի հասկանում եմ, որ ոճս փոխել եմ, նախկինում ինձ դուր եկած ամեն բան չէ, որ ներկա պահին ինձ դուրս կգա: Երկրորդ երեխայիս՝ Ադելի ծննդից հետո նախընտրում եմ հարմարավետ հագուստ և կոշիկներ հագնել: Մեկ տարի է՝ բարձրակրունկներ չեմ հագել, թեև նախկինում կրում էի: Ինձ ավելի հարմարավետ եմ զգում սպորտային ոճի մեջ, սիրում եմ վառ, հետաքրքիր գույներ, թեև պահարանումս գերակշռում է սև գույնը: Համաձայն չեմ, որ սպորտային հագուստը կանացի չէ, սպորտայինի մեջ էլ կարելի է կանացի լինել»,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ հիմա իր գնումները, հիմնականում, բալիկների համար են: «Երբ ամուսինս գումար է տալիս, որ ինձ համար ինչ-որ բան գնեմ, հիմնականում, երեխաների, իր, տան համար եմ գնումներ անում, ինչի պատճառով միշտ բարկանում է, ասում է՝ պետք է առաջին հերթին ինքս ինձ ուշադրություն դարձնեմ: Դուստրերիս համար այնպիսի հագուստներ եմ գնում, որ ինքս էլ կհագնեի, բայց չեմ կարողանում իմ չափսով գտնել: Կամիլան մանկապարտեզ է հաճախում և դայակներն ամեն օր սպասում են՝ այդ օրն ի՞նչ հագուստով է գնալու: Բալիկներիս համար էլ փորձում եմ չկրկնվող հագուստ ընտրել: Ավագ դուստրս՝ Կամիլան, արդեն կարողանում է տարբերել իր ոճը: Ինչ ես եմ ընտրում իր համար, նա կարող է առանց իմ ասելու էլ հավանել: Միլան անչափ թիթիզ է, ես էլ իր տարիքում թիթիզանում էի, մայրիկիս կոշիկներն էի հագնում: Սակայն Միլան իմ կոշիկները չի հագնում, ուզում է թիթիզ հագուստներ, կոշիկներ ունենալ, բայց իմը չի օգտագործում»,- պատմեց նա:
Մարիամն ընդգծեց, որ տանել չի կարողանում, երբ փոքր տարիքում երեխաներին դիմահարդարում են, մազերն են ներկում: «Դստերս թույլ չեմ տալիս օգտագործել անգամ եղունգների համար նախատեսված լաք, երեխան պետք է իր տարիքին համապատասխան լինի: Չեմ ուզում Միլան շուտ մեծանա, դեմքը փչանա, հնարավոր է տեսանյութեր նկարահանենք, մի փոքր շպար թույլ տամ, բայց արագ մաքրեմ: Դրանից հետո Միլան չի վերցնի իմ դիմահարդարման պարագաները, որովհետև գիտի չի կարելի: Շատ մայրիկներ են բողոքում, որ երեխաները փչացնում են իրենց դիմահարդարման պարագաները, բայց մեզ մոտ նման խնդիր երբեք չի եղել: Ես խնամքի միջոցներին շատ ուշադրություն եմ դարձնում, Միլան տեսնում է, ուզում է ունենալ, ես էլ բացատրում եմ, որ իրեն դիմակներ չի կարելի: Գնում եմ փոքրիկ տուփերով քսուքներ, որովհետև բոլոր բալիկներն էլ այդպիսին են, չեն ուզում իրենց մայրիկներից ոչնչով ետ մնալ»,- նշեց նա:
Դերասանուհին ասաց, որ փոքր դստեր՝ Ադելի համար ևս շատ հագուստ է գնել, շատ բաներ մայրն է գնել և ուղարկել: «Կան հագուստներ, որոնք Միլայինն են, չեմ կարողացել նմանատիպ գտնել, այդ պատճառով Միլայինը հագցնում եմ Ադելին: Մինչև Ադելի ծնվելը բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եմ պահել այդ հագուստները, գուցե տղա ունենամ, բայց ես զգում էի՝ աղջիկ եմ ունենալու: Երեխաներիս համար հագուստներ գնելն իմ թուլությունն է, նույնիսկ երբ փոքրիկ սթրեսի մեջ եմ լինում, գնում եմ Միլայի և Ադելի համար գնումներ անելու, որ մի փոքր ինձ հանգստացնեմ: Ինձ համար հագուստի գինը կապ չունի, կարող է մատչելի լինել և շատ գեղեցիկ, նույնն էլ թանկ հագուստը կարող է անճաշակ լինել: Երբեք հենց այնպես առևտուր անելու չեմ գնում, իմ մեջ պատկերացնում եմ համադրությունն ու գնում փնտրելու՝ ինչ ինձ պետք է»,- ընդգծեց Մարիամը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: