«Այսօր լեզվաբան, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է: Այս առիթով «Իրավունքի» հյուրն է ՀՀ ԳԱՍ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:
- Աբեղյանի կյանքում մեծ դեր են խաղացել Շուշիում ապրած տարիները: Նա այնտեղ իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն է հրատարակել:
- Մանուկ Աբեղյանի կյանքում Շուշին նշանակալից տեղ է գրավել, որովհետև նա այնտեղ է սկսել իր գիտամանկավարժական գործունեությունը: Պետք է ասել, որ Մանուկ Աբեղյանն իր ամբողջ կյանքով անխզելիորեն միաժամանակ թե՛ գիտնական, թե՛ մանկավարժ է եղել: Շատ խորհրդանշական է, որ Աբեղյանի առաջին տպագիր գործը «Նվագներ» բանաստեղծություններն են, որոնք նա ավելի շատ որպես գիտնական է գրել որոշակի թեմաներով, որոշակի տեսական դրույթներով, և դա թերևս խանգարել է, որպեսզի այդ բանաստեղծություններն ավելի կենդանի լինեն: Սա այն դեպքն է, երբ որ գիտելիքը խանգարել և ոչ թե օգնել է բանաստեղծություն գրողին: Հետո Աբեղյանը հասկանում է, որ բանաստեղծությունն իր կոչումը չէ և նույն 1888 թվականին հրատարակում է «Սասնա ծռերի» լավագույն պատումներից մեկը: Այդ գրառումները հրատարակելու համար որոշակի տառադարձական սկզբունքներ էին պետք: Եվ երկրորդ գրառման մեջ փաստորեն ներկայացնում է նաև այդ տառադարձման սկզբունքները, թե ինչպիսին պետք է լինի էպոսի տարբերակների գիտական հրատարակությունը: Աբեղյանի համար շատ կարևոր էր, որ նա կրթություն է ստացել Գերմանիայում ճշգրիտ մտածողություն ունեցող երկրում։
- Այնտեղ «Հայ ժողովրդի հավատալիքները» թեմայով նա ստացել է փիլիսոփայական գիտությունների կոչում: Աբեղյանին հովանավորել է Մանթաշյանը: Այսօր մենք ունե՞նք այդպիսի մեկենասներ:
- Արևելահայ դասական հայագիտության սերնդի մեծությունների համար մենք պարտական ենք Գևորգ Չորրորդ իրապես մեծագործ հայրապետին, որը հիմնադրեց Գևորգյան ճեմարանը: Այդ շրջանի մեր բոլոր նշանակալից դեմքերը իրենց կրթությունը ստացել են Գևորգյան ճեմարանում: Այնուհետև տարբեր բարերարների՝ հատկապես Մանթաշովի շնորհիվ այդ ուսումը շարունակել են Եվրոպայում: Այսինքն, եթե լիներ այդ մեծագործ հայրապետը, և չլինեին այդ բարերարները, անպատկերացնելի է, թե ինչքան աղքատիկ կլիներ մեր գիտությունն այսօր: Եվ մենք ինչքանով անպատրաստ կդիմագրավեինք տարբեր կեղծարարությունների, և ընդհանրապես մեր հայագիտության աստիճանը բավականին ցածր կլիներ: Բարեբախտություն էր, որ գիտության զարգացման այդ փուլում նման մեծություններ եղան:
Վերջին երեք տարիների մեր անփառունակ իրականությունը՝ 2018 թ. ապրիլից հետո, այն ինչ որ բերվեց, մեր ժողովրդին ցույց է տալիս, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մենք ամուր ուսումնական օջախներ ստեղծենք Հայաստանում, որպեսզի չգնան դրսում ինչ-որ տեղ այլասերված մտածողությամբ դավաճաններ չդառնան: Հետևաբար, մեր բարերարներին ես կոչ կանեմ զուգահեռ ոչ միայն գիտական կենտրոններին աջակցեն, այլև միջոցներ տրամադրեն, որ գիտության զարգացման գործը կազմակերպվի մեր բուհերում և գիտական հաստատություններում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: