1in.am-ը գրում է.

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինվորին տեղափոխել են Բաքու ու հանձնել պաշտպանության նախարարությանը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն այսօր ասել է Ադրբեջանի գերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների գործով պետական հանձնաժողովի քարտուղար Շախին Սայիլովը: 

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ կազմակերպվելու է հայ զինծառայողի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք նրան հարցնելու են՝ արդյոք ցանկանո՞ւմ է վերադառնալ Հայաստան կամ մեկ այլ՝ երրորդ երկիր: 

Սայիլովը նշել է նաև, որ մոլորված զինծառայողը հատել է Ադրբեջանի սահմանագիծը: Նրա խոսքով՝ քանի որ վերջինիս մոտ փաստաթղթեր չեն եղել, դեռևս հայտնի է միայն նրա ազգանունը՝ Ինջիղուլյան: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991 թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Զինծառայողը զինված չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել