Armeniasputnik.am-ը գրում է.

Արդյունաբերության, ծառայությունների ոլորտներում թուլացում է արձանագրվել, ինչն էլ պատճառ է դարձել կանխատեսումների վերանայման:

ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2021թ-ին կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Եթե նախկինում, մեր գնահատականներով, տնտեսական աճը 2021 թ-ի ընթացքում պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ այն կկազմի 1.4 տոկոս»,- ասաց Գալստյանը:

Տնտեսական աճի կանխատեսման վատթարացումն, ըստ ԿԲ նախագահի, պայմանավորված է տնտեսության մի շարք ոլորտներում 2020թ-ի 4-րդ եռամսյակի ու այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված թուլացումներով: Խոսքը մասնավորապես վերաբերում է արդյունաբերության, ծառայությունների ոլորտներին:

Հիշեցնենք, 2020թ-ի սեպտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների ՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ:

Իսկ ահա 2020-ի դեկտեմբերին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ–ում ասել էր, թե 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 տոկոս:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ խոստացել էր այս տարի 2020-ի համեմատ երկնիշ տնտեսական աճ ապահովել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել