Օտար ճամփով գնում եմ դեռ
Ուսիս դրած մի ծա՜նր բեռ,
Ու քայլում եմ միշտ դեպի վեր.
Բայց կհաղթի՞ սիրտս ավեր.
Արդյո՞ք կգա օրն այն լույս,
Որ իմ գլխից մղեմ ես դուրս,
Ինձ կեղեքող անթի՜վ մտքեր,
Որ դարձել են իմ գլխին տեր:
Ես կազատվե՞մ այս մտքերից,
Ինձ շղթայող կապանքներից,
Ամե՜ն բեռից ու ճամփեքից
Ու ինձ այսքա´ն օտար երկրից.
Հոգնել եմ ես այս բեռի տակ,
Հոգնել եմ ես ամե´ն ինչից,
Գուցե և դուք ինձ չհավատաք.
Հոգնել եմ և ի´նքս ինձնից:
Երնեկ մի օր դեն շպրտեմ
Մտքիս բեռը կրակ դարձած,
Որդիներս օտար երկրում,
Օտար հողում են ամրացած.
Ի՞նչ եմ կորցրել օտար երկրում.
Եկել եմ ես նրանց տանեմ,
Որ օջախիս ծուխը ծխա,
Ու հայրենի հողին գամեմ,
Որ ձագերիս ձագերն անգամ
Օտար լեզվով չբարբառեն,
Որ հայ մնան ու չլուծվեն.
Հայոց հողում ծլեն, ծաղկեն.
Նստեն, կանգնեն հայավարի,
Դառնան սյունը Հայոց երկրի:
Այնժա´մ սիրտս հանգիստ կառնի,
Ու կչքվեն մտքերս իսպառ,
Երբ օջախս միշտ հեղեղվի
Ձագուկներիս խինդով կայտառ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/571968569509189?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել