Armeniasputnik.am-ը գրում է.

Մինչդատական գործառույթների համար սահմանված ժամկետը 1 ամիս է, այսինքն` դատական նիստը նշանակվելու է շուրջ 1 ամիս հետո։

Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ նախագահի դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ մամուլի ծառայությունից` հավելելով, որ դիմումը ՍԴ քարտուղարությունում մուտքագրվել է մարտի 10-ի ամսաթվով։

ՍԴ–ից ստացված մեկնաբանության համաձայն` ՀՀ նախագահն այդ դիմումով վիճարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 3 մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1 մասին, 57–րդ հոդվածի 2–րդ մասին, 79–րդ հոդվածին ու 155–րդ հոդվածի 3–րդ  մասին համապատասխանության հարցը։  

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին օրենքով»,Սահմանադրական դատարանը 3 օր ժամանակ ունի նախագահից ստացված դիմումի համապատասխանությունը ՍԴ–ի մասին օրենքին պարզելու և, ըստ այդմ, այն վարույթ ընդունելու կամ մերժելու համար։

Դրանից հետո ՍԴ աշխատակարգային նիստով քննարկվում է գործը վարույթ ընդունելու հարցը։ Իսկ վարույթ ընդունելու դեպքում արդեն նշանակվում է դատական նիստ։ Ընդ որում, նշված գործողությունների համար սահմանված ժամկետը 1 ամիս է, այսինքն` դատական նիստը նշանակվելու է շուրջ 1 ամիս հետո։

Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրով:

«Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում»,–ասված էր հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահը հույս էր հայտնել, որ ՍԴ–ի որոշումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել