Tert.am Life-ը գրում է.

«Հումորի լիգա», «Կինստագրամ» նախագծերից լսարանին հայտնի դերասան Նորայր Նիկոյանն օրերս ամուսնացել է: Հարսանիքի ժամանակ Նորայրն ու Լուսինեն նաև պարզել են երեխայի սեռը: Զույգը տղա է ունենալու:

Հարսանիքի օրը երեխայի սեռը պարզելու տեսանյութը լայն քննարկումների առարկա էր դարձել։ Tert.am Life-ի հետ զրույցում Նորայրը պարզաբանեց, որ ինքն ու Լուսինեն զագսով ամուսնացել են ամիսներ առաջ։ Նա հայտնեց, որ իրենց հարսանիքը նշանակված էր հոկտեմբերի 5-ին, չնայած երկար էին նախապատրաստվել և ամեն ինչ պատրաստ էր՝ հետաձգեցին Արցախում սկսված պատերազմից հետո:

«Այդ օրը զագսով ամուսնացանք և տեղափոխվեցինք մեր բնակարան: Նպատակ ունեինք նաև եկեղեցով ամուսնանալ և խնջույք ունենալ: Որոշեցինք մեր ամուսնության 5-րդ ամսի օրը մեծ խնջույք կազմակերպել, որի ժամանակ կպարզեինք նաև մեր երեխայի սեռը: Շատ բացասական մեկնաբանություններ եմ կարդացել, բայց նորմալ եմ վերաբերում, այդ ամենն ինձ համար արժեք չի ներկայացնում: Մեկնաբանությունների մեծ մասն առողջ չէր, հետևաբար պետք էր անտեսել, ամեն մեկն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, թող գրեն: Լուսինեն չի էլ կարդացել, նրան չի էլ հետաքրքրում: Կնեղսրտենք, եթե մեր հարազատների կողմից բացասական կարծիքներ լինեին, մնացածից չենք նեղսրտում»,- ասաց նա:

Նորայրն ասաց, որ կարևորում էին լավ քեֆ անելը։ «Մեզ համար կարևոր էր ռեստորանը, երաժշտությունը, որպեսզի կարողանայինք լավ «տժժալ»: Շատ ընկերական մթնոլորտ էր տիրում, հրավիրել էինք մեր ամենամոտ հարազատներին ու ընկերներին: Ներկա էին «Հումորի լիգա» նախագծի գործընկերներս, ղեկավար կազմը, «Կինստագրամ» սիթքոմի գործընկերներս՝ Արուս Տիգրանյանը, Լիանա Վանոյանը, Էմմա Մկրտչյանը, Մկրտիչ Քեբաբչյանը: Ունեցանք ավանդական հարսի պար, ես և Լուսինեն ևս պար էինք բեմադրել: Պարելը մեզ բարդ չտրվեց, ընդունակ աշակերտներ էինք,- ասաց նա և հավելեց, որ հարսի զգեստն իր համար անակնկալ էր, այդպիսի զգեստի չէր սպասում,- Ավելի դասական զգեստ էի սպասում: Լուսինեին հարսի զգեստով տեսնելու պահը զգացմունքային էր, նրան առաջին անգամ զգեստով տեսա հարսանյաց սրահում, որտեղից հետո գնացինք ֆոտոշարքի, եկեղեցի և ռեստորան»:

Դերասանն ասաց, որ կինը հղիության 3-րդ ամսում է, երեխայի սեռն իմացել են մարտի մեկին: «Ես և Լուսինեն սեռը չգիտեինք, որոշեցինք հարսանիքի օրն իմանալ: Սկզբում ուզում էինք մինչև երեխայի ծնվելը սեռը չիմանալ, բայց մտածեցինք, որ գեղեցիկ արարողություն կլինի, մեր ընկերներն ու հարազատներն էլ մեզ հետ կուրախանան: Մինչև փուչիկը պայթեցնելը հանդիսավարը հարցրեց՝ տղա՞ ենք ուզում, թե՞ աղջիկ, ծափերի միջոցով պարզվեց, որ ներկաների մեծ մասը տղա են ցանկանում: Իմ և Լուսինեի սեռը կարևոր չէր, կարևորը առողջ երեխա ունենալն է: Կարծում եմ՝ ցանկացած ծնող ուզում է և՛ տղա, և՛ աղջիկ երեխա ունենալ»,- նշեց նա:

Նորայրը պատմեց, որ կնոջ հետ ծանոթացել են 2016 թվականին: «Մինչև «Հումորի լիգա» նախագիծը մասնակցել եմ Ուրախների և հնարամիտների ակումբի դպրոցական և ուսանողական լիգաներին: Ես ու ընկերս Հայաստանում ֆրանսիական համալսարանի քոլեջի թիմի համար սցենար պետք է գրեինք, Լուսինեն այնտեղ էր խաղում: Սկսեցինք շփվել որպես ընկերներ, ընկերությունը վերաճեց սիրո, արդեն 4 տարի է՝ միասին ենք: Լուսինեն իմ կյանքում շատ բան է փոխել, սիրահարված ապրելն ու ուղղակի, միայնակ ապրելը շատ տարբեր են: Երբ սիրելի ունես, կյանքդ փոխվում է, կիսվում երկու մասի, ապրում ես երկուսիդ համար, հիմա արդեն  ապրում եմ երեքիս համար»,- ասաց դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել