Մարտի 8-ի առավոտյան մեկնեցի ՀՀ Տավուշի մարզի սահմանային հատվածներ, որտեղ բավական պատրաստակամ կերպով համայնքների ղեկավարները ոչ միայն պատասխանեցին իմ հարցերին, այլև ուղեկցեցին այն վայրերը, որոնց մասին շահարկումներ կան հայկական մեդիադաշտում։
Ես պարզեցի, որ Ազատամուտ, Կայան, Ոսկեպար գյուղերի մոտակայքում տեղակայված ադրբեջանական երբեմնի անկլավային հատվածներում ռուսական զորք չկա, այնտեղ չեն իրականացվում նաև մեծածավալ չափագրումներ, հակառակ կողմում չկան ադրբեջանական զորքի կուտակումներ։
Չնայած դրան, որոշ մարդիկ Տավուշի բնակիչների շրջանում, ինչպես նաև Ֆեյսբուքում և կայքերում տարածում են խուճապային ապատեղեկատվություն, այլ կերպ՝ կիսաճշմարտություններ։
Շարքային տավուշցիների և պաշտոնյաների հետ զրույցները բերեցին հետևյալ եզրահանգման․
Տավուշի բնակավայրերի մասին վերջին օրերին ապատեղեկատվությունը և հանրային խուճապը ձեռնտու է միայն ՀՀ այսօրվա իշխանությանը։ Փաստարկումները՝ կետերով․
1․ Քաղաքագիտության մեջ կա «փորձնական փուչիկի» մանիպուլյացիա, երբ շրջանառության մեջ է դրվում մի տեղեկություն, որը իրական չի այսօր, բայց պատրաստվում են իրականացնել մոտ ապագայում։ Դա հանրության մեջ սովորական տրամադրությունների ստուգման և ընդհանրապես, ականջը հանձնելուն սովորեցնելուն է միտված։
2․ Պատահական չէ, որ այդ ապատեղեկատվությունը առաջինը փոխանցվեց Հրանտ Բագրատյանին։ Ընդդիմադիր քաղաքական գործչին տեղեկացնելով ակնհայտ սուտը՝ իշխանության քարոզչական թիմը փաստացի թակարդը գցեց Բագրատյանին՝ այդկերպ հանրության մեջ ստեղծելով տպավորություն, որ ընդդիմությունը շարունակ ստում է, հետևաբար չարժի հավատալ նրանց հայտնած մյուս տեղեկություններին ևս։
3․ Հետևողականորեն ներկայացվում է, թե ռուս զինվորները Տավուշում են և հենց նրանք են հայկական բնակավայրերի նկատմամբ թշնամական հնարավոր ոտնձգության պատճառն ու աջակիցը։ Իրականում ՌԴ-ի նկատմամբ բացասական քարոզչությունը ՀՀ իշխանության կողմից իրականացվում է տևական ժամանակ, իսկ վերջին 3 ամիսներին՝ առավել ագրեսիվ ու բազմակողմանի։ Դա արդյունավետ միջոց է՝ հայ հանրությանը տրամադրելու Ռուսաստանի դեմ, հայերի ձեռքով ռուսական գործոնը հանելու մեր տարածաշրջանից՝ հետո ռուսների տեղը լրացնելով թուրքերով։ Չմոռանանք, որ ՀՀ իշխանությունը տարբեր հարթակներում քննարկում է Թուրքիայի սահմանը բացելու կարևորությունը։
Բացի այդ, չմոռանանք, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն ունեն պարտավորություններ ՀՀ սահմանների անվտանգության համար, հետևաբար Իջևանում, Նոյեմբերյանում կամ մյուս սահմանամերձ բնակավայրերում կարող են նաև ռուս զինվորականներ հայտնվել։ Չի կարելի հայ հանրության էմոցիոնալ ծանր վիճակից օգտվել և մարդկանց մեջ ներարկել հակառուսական տրամադրություններ։ Այսօր դա նույնն է, ինչ նստես ծառի ճյուղին և կտրես այդ ճյուղը։
Ռուսներն իրականում որևէ կապ չունեն խաղաղ պայմաններում ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու գործընթացի հետ։ Նրանք ընդամենը իրականացնում են ամենասև գործը՝ կատարում են այն, ինչի շուրջ համաձայնություն են ձեռք բերել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները։ ՀՀ մարզային պատասխանատուները, իմ տպավորությամբ, խորությամբ տեղեկացված չեն կառավարության գործողություններից և պլաններից, և շատ հաճախ մարզային պաշտոնյաները, անորոշությունից ելնելով, գերադասում են լռել կամ քիչ խոսել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158134574773831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել