168.am-ը գրում է․

Վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքն ավելի արագ է աճում, քան համախառն ներքին արդյունքը։ Երեք տարում ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ ավելացել է շուրջ 900 մլն դոլարով, պարտքը՝ 1,2 միլիարդով։ Մի դեպքում՝ աճը կազմել է 7,7 տոկոս, մյուս դեպքում՝ 17 տոկոս։

Սա առաջին հայացքից գուցե շատերին շատ բան չի ասում։ Դրա համար, ասենք, որ երբ պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն, դա ծանրաբեռնում է պետության պարտքի բեռը։ Հետագայում շատ ավելի դժվար է լինելու պարտքի սպասարկումը։ Պարտքի սպասարկումն ավելի մեծ միջոցներ է տանելու բյուջեից։ Այն բյուջեից, որի եկամուտները ձևավորվում են ՀՆԱ աճի հաշվին։

Երբ պետական պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն, դա նշանակում է, որ ներգրավված միջոցները չեն ծառայել իրենց նպատակին, չեն տվել ցանկալի արդյունք կամ անարդյունավետ են օգտագործվել։

Պարտք վերցնելն արդարացված է, երբ այն նոր խթաններ է ստեղծում տնտեսության համար. այդ միջոցներով ենթակառուցվածքներ են ստեղծվում, տնտեսական ծրագրեր են ֆինանսավորվում, հավելյալ եկամուտներ են ձևավորվում և գեներացվում պետական բյուջե։ Այդ եկամուտները հնարավորություն են տալիս հետագայում սպասարկելու վարկերը։ Բայց եթե գումարները գալիս են, ու դրանց արդյունքում հավելյալ արդյունք չի ստեղծվում և հավելյալ եկամուտ չի գեներացվում, արդեն վատ է։

Հիմա մենք հայտնվել ենք հենց այդ վիճակում։ Պարտքի ավելացումը զարգացում չի ապահովել։ Պարտքը, անգամ իրական արտահայտությամբ, ավելի արագ է աճել, քան ՀՆԱ-ն։ Իսկ տոկոսային հարաբերությամբ աճի տեմպը նույնիսկ մի քանի անգամ ավելի բարձր է եղել։

Սա է պարտքերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեցող Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի արդյունքը։ Այն Նիկոլ Փաշինյանի, ով ժամանակին դեմ լինելով պարտքեր վերցնելուն՝ 3 տարում հասցրել է էապես ծանրացնել պարտքը բեռը՝ նույնիսկ համարժեք չավելացնելով ՀՆԱ-ն։ Եթե նույնիսկ ոչինչ չարվեր այս ընթացքում, միայն վերցրած պարտքերը բավարար էին ավելի բարձր ՀՆԱ ունենալու համար։

Բայց մեր դեպքում անգամ այդպես չէ. 3 տարում ՀՆԱ-ն ավելացել է ընդամենը 900 մլն դոլարով, պարտքը՝ 1,2 միլիարդով։ 2017թ. արդյունքներով ՀՆԱ-ն կազմում էր 11,6 մլրդ դոլար։ Երեք տարի հետո այն հասել է հազիվ 12,5 մլրդ դոլարի։

Այդ նույն ժամանակահատվածում պետական պարտքն ավելացել է շուրջ 1,2 մլրդ դոլարով՝ 2017թ. այն 6,7 մլրդ դոլար էր, անցած տարվա վերջին կազմեց 7,9 միլիարդ։

Սրանում ներառված չէ եվրոպարտատոմսերի վերջին թողարկման արդյունքում ներգրավված 750 մլն դոլարը։ Առանց այդ գումարի, այս տարվա հունվարին, պետական պարտքն անցավ 8 միլիարդի սահմանագիծը։

Քանի որ արդեն ավարտվել է նաև եվրոպարտատոմսերի թողարկման գործընթացը, ըստ ամենայնի, փետրվարի տվյալներում կներառվի նաև նշված 750 միլիոնը։ Արդյունքում՝ պետական պարտքը կհասնի 8,8 միլիարդի։

Տարվա ընթացքում այն դեռ կշարունակի ավելանալ։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ պարտքը կանցնի 9 միլիարդից՝ տարվա արդյունքներով ավելանալով առնվազն ևս 1 մլրդ դոլարով կամ 12-13 տոկոսով։ Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում նախատեսվում է ՀՆԱ ընդամենը 3,2 տոկոս աճ։

Խոսքն այս տարվա տնտեսական աճի մասին է։ Թեև դա էլ հարցականի տակ է։ Որոշ կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում սպասվում է նույնիսկ 3,2 տոկոսից ցածր տնտեսական աճ։

Եթե անգամ իրականանա կառավարության 3,2 տոկոս աճի կանխատեսումը, ապա պետական պարտքը կշարունակի շատ ավելի մեծ տեմպերով համալրվել, քան ՀՆԱ-ն։ Պարտքի աճի տեմպն առնվազն 4 անգամ ավելի բարձր կլինի, քան ՀՆԱ աճն է։

Պարտքի ակտիվ համալրման հետևանքով մենք արդեն շրջանցել ենք այն բոլոր ցուցանիշները, որոնք սահմանափակումներ էին դնում պարտքի ավելացման վրա։ Այսօր իշխանություններն այդ  սահմանափակումներին նույնիսկ ուշադրություն չեն դարձնում։ Ագահորեն ավելացնում են պարտքը, այն էլ ոչ թե՝ տնտեսության զարգացումները խթանելու ու ծրագրեր իրականացնելու, այլ՝ ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար։ Դա պարտքի օգտագործման վատագույն տարբերակն է։

Բայց իշխանությունն ընտրել է հենց այդ տարբերակը, որովհետև չունի բավարար միջոցներ բյուջեի ծախսերը կատարելու համար։ Ուստի պարտք է վերցնում՝ ևս մեկ տարի ձգելու նախատեսված, այդ թվում՝ պաշտպանված ծախսերի կատարումը։ Թե ի՞նչ ենք անելու մեկ տարի հետո, քիչ է հետաքրքրում։

Իրենք էլ հասկանում են, որ մեկ տարի հետո կարող են ընդհանրապես իշխանություն չլինել։ Ուստի մտածում են միայն այսօրվա ու առօրյա խնդիրները լուծելու մասին։ Ի՞նչ կլինի վաղը, կարևոր չէ։ Կարևորը՝ ևս մեկ տարի ժողովրդին խաբելով՝ երկարացնեն իրենց գոյությունը։

Պարզ է, որ պարտքերով անհնար է երկիր պահելը։ Եթե տնտեսությունը չաշխատի, ինչպե՞ս պիտի վերադարձնենք պարտքերը։  Պարտքերը լավագույն դեպքում կարող են խթաններ լինել տնտեսության համար։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Պարտքի բեռն արագորեն ծանրանում է, ու դրա պատճառը ոչ միայն՝ պարտքի արագ, այլև՝ ՀՆԱ դանդաղ աճն է։

ՀՆԱ-ն Հայաստանում շատ դանդաղ է ավելանում։ Գուցե առանձին տարիներին համեմատաբար բարձր աճեր ենք ունենում, բայց երկարաժամկետ կտրվածքով՝ աճը շատ փոքր է։ Երբեմն-երբեմն մեր տնտեսությունը բախվում է անհաղթահարելի խոչընդոտների՝ տարիներով հետ շպրտվելով։

Այդպես եղավ նաև անցած տարի. տնտեսությունն առնվազն 2 տարով հետ գնաց։ ՀՆԱ-ն գրեթե ամբողջությամբ վերադարձավ 2018թ. մակարդակին։

Մինչ ՀՆԱ-ն հետ գնաց, պարտքն ավելացավ՝ ծանրացնելով պետության բեռը։ Այս պահի դրությամբ պարտք-ՀՆԱ հարաբերությունը հասել է 70 տոկոսի։ Բայց դեռ հայտնի չէ, թե Հայաստանն ինչքան պարտք է կուտակել պատերազմի ժամանակ ձեռք բերված զենք-զինամթերքի դիմաց։ Որոշ տեղեկություններով՝ դա կարող է կազմել մինչև 1 մլրդ դոլար։ Դժվար չի լինի հաշվել, թե այդ պարագայում տարեվերջին ինչքանի կարող է հասնել պետական պարտքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել