168.am-ը գրում է․

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կրկին իր դերի մեջ է մտել. ՀԴՄ-ների ու շրջանառությունների վերաբերյալ ցուցանիշներ է հրապարակում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից։

Տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, թե ոչ, ՀԴՄ-ներով չի որոշվում։ Այդ են վկայում նաև տարեսկզբի տնտեսական զարգացումների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները։

Նախկինում էլ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ՀԴՄ կտրոնների աննախադեպ աճերից է խոսել, բայց դրանից մեր տնտեսության վիճակը չի բարելավվել։ Տնտեսության զարգացումների մասին վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու պատկերացումներն այդպես էլ ՀԴՄ կտրոններից այն կողմ չանցան։ Զարմանալի չէ, որ նրա վարչապետության այս տարիները եղել են մեր տնտեսության աճի ամենավատ ժամանակահատվածներից մեկը։

Սպասվում է, որ այն կշարունակի այդպիսին մնալ նաև այս տարի։ Ամեն դեպքում, տարեսկզբի միտումներն ամենևին էլ հուսադրող չեն, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ՀԴՄ-ներով կերակրել հասարակությանը և տնտեսության զարգացումները կապել տպված կտրոնների ու արձանագրվող շրջանառությունների հետ։

Տարին մեկնարկել է, և արդեն ունենք 2021թ. առաջին արդյունքները։

Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ հունվարին մեր երկրում տնտեսական ճգնաժամը ոչ միայն հաղթահարվելու նշաններ ցույց չի տվել, այլև շարունակել է խորանալ։ Նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով։

Եթե սա է վերականգնումը, ապա ո՞րն է ճգնաժամը։

Հիշեցնենք, որ այս տարվա համար նախատեսված է 3,2 տոկոս տնտեսական աճ։ Հունվարին ունենք 7,5 տոկոսանոց տնտեսական ակտիվության անկում։

Մեր տնտեսությունը տարին սկսել է անկումով, ու դա արտահայտվել է գրեթե բոլոր ոլորտներում։

Արդյունաբերության անկումը հասնում է գրեթե 11 տոկոսի։ Ներքին առևտրի շրջանառությունը պակասել է ավելի քան 15 տոկոսով։ Ծառայությունները կրճատվել են 10,3 տոկոսով։

Առևտրի և ծառայությունների այս անկումները ոչ մի կերպ չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի հայտարարած աճերի մեջ։

Նվազել է ոչ միայն ներքին, այլև արտաքին առևտուրը։ Ունենք՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման կրճատում։

Անցած տարվա հունվարին արտաքին առևտուրը կազմել էր 479 միլիոն, այս տարի կազմել է 403 մլն դոլար։ Արտահանումը կրճատվել է՝ 11,3, ներմուծումը՝ 20 տոկոսով։

Նվազել է նաև միջին աշխատավարձը։ Այն էլ՝ գերազանցապես մասնավոր հատվածի հաշվին։

Պետական հատվածում աշխատավարձերի փոփոխություն գրեթե չի եղել։ Դրանք, կարելի է ասել, մնացել են նույնը։ Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի պետական հատվածի աշխատավարձերի ձևավորման մեջ բավական բարձր կշիռ ունեին պարգևավճարները, ապա կարելի է ենթադրել, որ այս տարի էլ դրանք շարունակել են նույն տեմպով հատկացվել։

Ամեն դեպքում, պետական հատվածում այս տարի աշխատավարձերի բարձրացում չի եղել՝ չհաշված քաղծառայության ստաժից կախված չնչին փոփոխությունները, որոնք էական ազդեցություն չեն ունենում աշխատավարձերի վրա։

Ի տարբերություն պետականի, աշխատավարձերի տեսքով աշխատողների եկամուտների բավական կտրուկ անկում ունենք ոչ պետական հատվածում կամ տնտեսության մեջ։ Տնտեսության մեջ զբաղվածները, որոնց վճարած հարկերի հաշվին են ձևավորվում պետական ապարատի աշխատավարձերը, այս տարի ավելի քիչ են վճարվել, քան վճարվում էին նախորդ տարի։

Ոչ պետական հատվածում միջին աշխատավարձի նվազումը հասնում է 5,4 տոկոսի։ Ու դա տեղի է ունեցել բավական բարձր գնաճի պայմաններում։ Հունվարին սպառողական գների ինդեքսը կամ գնաճը Հայաստանում կազմել է 4,5 տոկոս։

Մի կողմից՝ միջին աշխատավարձը նվազել է, մյուս կողմից՝ գները բարձրացել են։

Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի ազդեցություն է ունեցել մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Դեռ չհաշված այն, որ լայն սպառման բազմաթիվ ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է. երբեմն նույնիսկ տասնապատիկ ավելի բարձր, քան միջին գնաճն է։ Դա նշանակում է, որ գործ ունենք հասարակության աղքատացման հետ։ Գները բարձրանում են, իսկ եկամուտները՝ նվազում։ Տեղի է ունենում աղքատության խորացում։

Գների բարձրացումն ու եկամուտների նվազումը չի կարող չազդել մարդկանց գնողունակության վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է շրջանառությունների ավելացման մասին։

Հասարակության աղքատացման հետևանք է նաև ներմուծման նվազումը։

Եկամուտների կրճատման պատճառով վճարունակ պահանջարկը կորցրել է ոչ միայն սպառողը, այլև տնտեսությունը։ Ներմուծման նվազումը մեր տնտեսության անմխիթար վիճակի ուղղակի վկայությունն է։

Հունվարին աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։ Պարզ է, որ դա կապ չունի տնտեսության զարգացումների հետ։ Երբ արդյունաբերությունը երկնիշ անկում ունի, էլեկտրաէներգիայի սպառումը չի կարող ավելանալ։ Այնպես որ, էլեկտրաէներգիայի արտադրության 2,2 տոկոսանոց աճը պետք է փնտրել առաջին հերթին հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած էներգետիկ սխեմաների փոփոխությունների մեջ։ Ինչո՞ւ չէ, եղանակային ոչ բարենպաստ պայմանների հետևանքով՝ դրա վրա կարող էր ազդել նաև բնակչության կողմից սպառվող հոսանքի ավելացումը։

Վիճակագրական կոմիտեն տարեսկզբին 1 տոկոսին մոտ աճ է գրանցել նաև շինարարության ոլորտում։

Մնում է գտնել, թե դա ինչի հաշվին կարող էր լինել։ Հատկապես այն բանից հետո, երբ ունենք բնակչության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների կտրուկ կրճատում։ Անցած տարի անկումը հասավ ընդհուպ 35 տոկոսի։

Պաշտոնական տվյալներով՝ հունվարին Հայաստանում իրականացվել է 12,6 մլրդ դրամի շինարարություն։ Անցած տարվա հունվարին այն կազմել էր 11,8 մլրդ դրամ։

Արտաքուստ աճ ունենք, բայց դա կարող է խաբուսիկ լինել. աճը բացառապես դրամային արտահայտությամբ է։ Դոլարով պատկերը բոլորովին այլ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել