Armenpress.am-ը գրում է.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, մինչև մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման  հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը:

«Տեղեկացնենք, որ պատերազմի ընթացքում՝ երկրի առաջնահերթ կարիքները հոգալու անհրաժեշտության թելադրանքով, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում անցկացված դրամաշնորհային մրցույթների հաղթողների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և գումարների փոխանցման գործընթացը սառեցվել էր, և տվյալ միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։

ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանում Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում 64 ընկերություններ կստանան պետական դրամաշնորհներ, ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամ բյուջեով՝ հետևյալ համամասնությամբ. մինչև 10 մլն դրամ՝ 23 ընկերություններ, մինչև 20 մլն դրամ՝ 41 ընկերություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել