Սպիտակ ու սև։
Բարի ու չար։
Հրեշտակ ու սատանա։
Լավ և վատ։
Լույս և մութ։
Երջանկություն ու թախիծ։
Աջ ու ձախ։
Դու և դու…
Եվ դու։
Այս պայքարն անվերջ է, չէ՞։ Դե, դե, մի հերքիր, ես ամեն ինչ գիտեմ։ Ես տեսնում ու լսում եմ այն, ինչ դու մտածում ես, ինչը տանջում է քեզ, կրծում ներսից անառակ առնետի պես, խաթարում ուղեղիդ արդյունավետ աշխատանքն ու սրտիդ ներդաշնակ բաբախյունը, մետաքսե թելի պես նուրբ նյարդերդ պոկոտում, պատռում։ Չխաբե՛ս, ես տեսնում եմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Աջ կողմդ սպիտակ է, մաքուր, բարի է մարդկանց նկատմամբ, նրա տեսքն ու բնավորությունը չնաշխարհիկ են, գործերն` ավելի։ Նայում ես նրան ու մտածում, թե որքա՜ն գեղեցիկ է նա, ու ի՜նչ անմեղ է այդ գեղեցկությունը, ի՜նչ անվնաս։ Դու հպարտանում ես քո աջ կողմով, դու ուզում ես նմանվել նրան, միշտ լինել նրա կողքին, ոգեշնչված նրանով միայն, նույնիսկ լինել ղեկավարված նրա կողմից։ Նա երջանիկ է, երջանկություն էլ տալիս է։ Կյանքը շողում է արևի պայծառ լույսի ու երբեմնի Աստծո օրհնության ներքո։ Ճիշտ է, բարին բարիք է բերում։ Հետևիր նրան։
Հետևիր, քանի դեռ կարող ես։
Օ՜, մոռացել էի, դու ձախ կողմ էլ ունես։ Գուշակում ես նրա բնութագիրը, չէ՞։ Ինչպե՞ս կարող էիր չգուշակել, չէ՞ որ նա քեզ ամենուրեք հետապնդում է։ Նա սև է, ամբողջովին մութ, աներես, ստոր ու կործանիչ։ Նրա քմծիծաղը բարձր է ամպրոպից, որ պայթում է սև ամպերի բախումից, նրա աչքերը կրծում են հոգիդ, նվաստացնում, տրորում քեզ, ստիպում ինքդ քեզ զգալ ոչնչություն։ Ու ինչն ավելի վատ է, նա ավելի գայթակղիչ ու հրապուրիչ է, քան լուսավոր աջդ։ Նա ամեն միջոցի դիմում է ուզածին հասնելու համար, կառավարում, խաղացնում հրաշակերտ մատների վրա ինչպես մաշված խամաճիկ։ Ու դու անզոր ես, անզոր պայքարելու նրա դեմ, անզգայացած ես նրա հրամցրած թմրանյութերով` հոգեկան ճգնաժամ, զգացմունքային պայթյուն, ստոր մտքեր, զարհուրելի ձայներ, ֆիլմերում երբևէ չնկարահանված ծաղրածուների դեմքեր։ Ու այդ ամենը քո դեմ է ուղղված։
Աջը կփրկի ներաշխարհդ։ Նա առաջ է ընկնում մենամարտի` խիզախ ասպետի պես, ու մտքով էլ չի անցնում, որ ձախը ճակատ ճակատի երբեք չի կռվում, այլ հարվածում է առանց զգուշացման, ծածուկ, գաղտագողի. հարվածում է մեջքից, քնած ժամանակ։
Իսկ դու… դու խաղաղության ճերմակ դրոշակի պես ընկել ես նրանց միջև ու փորձում ես դադարեցնել այդ պատերազմը։ Բայց, գրողը տանի դե, նրանք իրար չեն հարվածում, փոխարենը դու ես տուժում, ճերմակ դրոշակի դերում ներկվում սեփական արյունովդ նորից ու նորից, ամեն անգամ ավելի ցավոտ, ավելի խորը վերքերով, իսկ նախորդ վնասվածքները չեն էլ հասցնում սպիանալ։ Անվճռական ոչնչության պես վազում ես մեկ աջ, մեկ ձախ։ Մահն էլ վրա չի հասնում։ Ու դու տանջվում ես դանդաղ, սուր…
Երկուսի մեջ երրորդն է տուժում։ Իսկ դու երրորդն ես։ Ու միշտ կլինես։ Այդ պատերազմը դու ես, այն կդադարի, միայն երբ քո գոյությունը դադարի։
Խղճուկ ես դու։
Խղճուկ եմ ես։
Խղճուկ է այս անհեթեթ պատերազմը։
Մարդանման ու մարդակերտ աշխարհն է խղճուկ։
Որտեղ կա լույս, այնտեղ կա մթություն։ Առանց մեկի մյուսը գոյություն չունի, առանց դրանց երևույթը նմանվում է դատարկ տիեզերքի, որտեղ դեռ մեծ պայթյունը չի եղել։ Անէություն։
Որտեղ կա պատերազմ, այնտեղ կա մարդ։
Որտեղ կա մարդ, այնտեղ կա կյանք։
Որտեղ կա կյանք, այնտեղ կա պատերազմ։
Խաղաղություն չկա։
Նյութի աղբյուր՝ http://shushan-shock.blogspot.com/2013/08/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել