168.am-ը գրում է․

«Կոնդ թաղամասի միակ բնակիչն եմ, որ մինչ օրս չի ստացել իր հասանելիք բնակարանը.  բոլորին ինչ-որ կարգով ինչ-որ բանով ապահովեցին, իսկ ինձ բռնի ուժով, առանց դատարանի վտարման որոշման՝ շպրտել են փողոց մինչ օրս»,- 168.am-ի զրույցում 2009թ. իր հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին է բարձրաձայնում պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը:

Քաղաքացին պնդում է՝ գերակա շահ ճանաչված իր տարածքի փոխարեն՝ փոխհատուցում չի ստացել: Երկար դատական գործընթացներից հետո էլ խնդիրը  լուծում չի ստացել:

Ալլա Մանուկյանը մինչ օրս պետական տարբեր կառույցներից ակնկալում է, որ վերջապես կստանա իրեն հասանելիք բնակարանը, սակայն լուծումն այդպես էլ չկա. «Էլի դիմում եմ քաղաքապետարան, կառավարություն, վարչապետին դիմում-բողոք եմ գրում, բաց նամակ եմ գրում. մի քաղաքացու հարց է՞լ չեն կարողանում լուծել:

Նամակ եմ ստացել ԾԻԳ-ից, ինձ ասում է՝ սեփականատերը պետք է  քեզ բավարարեր. ես Սահմանադրական օրենքներն եմ նայել, ամբողջ գիշեր նստել-կարդացել եմ. ո՛չ, ես որպես գրանցված, հաշվառված, ինձ հետ էլ պետք է կազմակերպությունը պայմանագիր կնքեր. Հասկանո՞ւմ եք՝  լակոտի տեղ դրած՝ խաբելով ման են գալիս»:

Մեր զրուցակիցը նշում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր էր կապում, սակայն իր ոտնահարված իրավունքներն այդպես էլ չեն վերականգնվում.

«Իրենք չպետք է լուծե՞ն իմ հարցը. գերակա պետական շահ է ճանաչվել.  կառավարությունը պետք է լուծի այդ հարցը: Ամեն անգամ դիմում եմ կառավարություն, իր աշխատակազմին, իսկ ինձ ամեն անգամ ուղարկում են քաղաքապետարան կամ ԾԻԳ. ձե՞ռ եք առնում մարդուն»:

Քաղաքացին հույսեր է կապել նաև միջգերատեսչական հանձնաժողովի հետ, որը նմանատիպ իրավիճակների բազմակողմանիորեն ուսումնասիրելու և առկա խնդիրները կարգավորելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ ստեղծել էր Նիկոլ Փաշինյանը, բայց կրկին իր հարցը մնացել է չլուծված:

«Երկու տարուց ավելի է՝ ձեզ եմ դիմում, առավոտից երեկո գալիս եմ կառավարության շենքի դիմաց եմ կանգնում. ինչքա՞ն կարելի է: Այդ հանձնաժողովը պետք է կազմվեր… անհայտ կորած են: Հույս ունեինք, որ իրավիճակ է փոխվել, վերջիվերջո, գերակա պետական շահ է ճանաչվել. կառավարություն, դո՛ւ ես գարանտը եղել,  դու ինձ ծախել ես կազմակերպությա՞նը»,- դիմելով կառավարությանը՝ ասում է Ալլա Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել