NEWS.am STYLE-ը գրում է.
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի դուստրը՝ Լաուրան, փետրվարի 3-ին՝ հենց իր ծննդյան 19-ամյակին, նշանադրվել է սիրելիի՝ Դավիթի հետ:
Իր համար կարեւոր օրվա մանրամասները Լաուրան պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` խոսել սիրելիի հետ ծանոթության եւ մայրիկի՝ Անահիտի մեծ աջակցության ու նրա հետ ջերմ հարաբերությունների մասին:
Դավիթի հետ Լաուրան ծանոթացել է ընկերական շրջապատում, ինչպես ինքն է նշում՝ նա միանգամից գրավել է իր ուշադրությունը.
«Դավիթն ինձ գիտեր մանկուց (նույն դպրոցից ենք եղել), ես իրեն ճանաչեցի 2020 թվականին։ Արտասովոր ոչինչ չարեց սիրտս գրավելու համար, եւ, երեւի, դրա համար էլ գրավեց: (ծիծաղում է): Մի խոսակցության ժամանակ պատմում էր իր ընտանիքից, քույրիկի երեխայից, այնքան ջերմ էր խոսում... Այդ պահին էլ հասկացա, որ ցանկանում եմ նրա հետ կյանքս կապել»:
Լաուրան պատմեց, որ իրենց հարաբերությունների ընթացքն արագ է զարգացել.
«Սիրո խոստովանության կարիք չկար, ամեն ինչ պարզ էր մեր աչքերից։ Ինչ վերաբերում է նշանդրեքին՝ պարզապես ասաց՝ «Կուզե՞ս մեր հարաբերություններն ավելի լրջացնենք»։ Պատասխանս միանգամից տվեցի, հուզված ասացի՝ «Իհարկե»:
Նա նաեւ հավելեց, որ նշանադրության նախապատրաստական աշխատանքներով հիմնականում Անահիտն է զբաղվել.
«Կարելի է ասել՝ մենք, համարյա, ոչինչ չենք արել, ամեն ինչով մայրս է զբաղվել։ Մոտ 2 ամիս ամեն դետալ պլանավորել էր։ Թե´ ես, թե´ Դավիթը վստահում էինք մայրիկիս ճաշակին, բայց միշտ հարցնում էր՝ հաստա՞տ մեր սրտով է ամեն ինչ»:
Նշանադրության զգեստն էլ Լաուրան երկար չի փնտրել.
«Զարմանալի է, բայց նշանադրությանս զգեստը միանգամից գտել ենք։ Մամայի հետ մոտավոր պատկերացնում էինք՝ ինչ եմ ուզում, դրա համար հեշտ էր։ Մտանք խանութ, նայեցինք նույն զգեստին, միանգամից փորձեցի ու վերցրի։ Զարմացել էին խանութում (ծիծաղում է)»:
Լաուրան խոստովանեց՝ նշանադրության օրը շատ էր հուզվում, բայց մայրիկը՝ Անահիտն, ամեն ինչ արել է, որ օրը հնարավորինս ուրախ ու անակնկալներով լի անցնի:
«Մայրս շատ անակնկալներ էր պատրաստել, որոնք օրը էլ ավելի գունեղ դարձրին։ Ինձ թվում է՝ ավելի լավ անցնել չէր կարող: Հյուրերն էլ վերջում փաստեցին, որ ավելի լավ առիթի չէին եղել։ Ամեն ինչ պլանավորած էր նուրբ ու էսթետիկ՝ առանց ձեւական ճոխությունների: Նշեմ, որ ինձանից ավելի շատ հուզված էին ծնողներս։ Երկուսի աչքերում էլ ուրախության արցունքներ կային։ Հորս հետ պարելիս նա ինձ ամուր գրկեց ու ասաց՝ մեկ է՝ դու իմ փոքրիկն ես»:
Ի դեպ, Լաուրան նշեց, որ իրեն բարեմաղթանքներ հղել են, ինչպես իր ծանոթներն ու մտերիմները, այնպես էլ՝ Անահիտի երկրպագուները, որոնց ուշադրությունը դերասանուհու դուստրը պարբերաբար զգում է.
«Հանրությունը միշտ լավ է ընդունել մեր ընտանիքին, այս անգամ էլ գեղեցիկ բարեմաղթանքները շատ էին, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց նա, ու շարունակելով խոսել Անահիտի մասին՝ հավելեց,- «Բախտս բերել է, կողքիս ունեմ ծնող-ընկեր, ով միշտ ճիշտ պահին կտա ճիշտ խորհուրդներ։ Մամայիս ամենամեծ խորհուրդը սա է՝ միշտ լսել սրտիս ձայնին ու ներել կարողանալ։ Այս երկու խորհուրդը ինձ շատ են օգնել կյանքում ու վստահ եմ՝ դեռ շատ կօգնեն»:
Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին՝ նա նշեց.
«Օր դեռ որոշված չէ, սակայն մտածում ենք՝ ամռանն ամուսնանալ՝ նեղ ընտանեկան միջավայրում»: