1in.am-ը գրում է.

Հինգ տարի առաջ սկսվեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, որը փոխեց Կովկասը: Այն ապագա զինվորականներին ռազմական տեսակետից քիչ բան կարող է սովորեցնել, սակայն բախումների հինգ օրվա ընթացքում երկու կողմերն էլ ցուցադրեցին ռազմական և ռազմաքաղաքական տաղանդի հրաշքներ՝ մինուս նշանով:

Վրացական բանակն առաջին իսկ հարվածներից «փլուզվեց»՝ թողնելով առաջնակարգ տեխնիկան, փաստացիորեն բացելով դեպի Թբիլիսի ճանապարհը: Իսկ ռուսական բանակի ապաշնորհ ղեկավարության և մարտական գործողություններ վարելու տեսանկյունից կազմակերպչական անընդունակության մասին այս հինգ տարիներին բազմիցս գրել են իրենք ռուսները՝ ռազմական փորձագետներն ու մարտական վետերանները: Բավական է միայն կարդալ «հետպատերազմյան» ռուսական մամուլը: Մնում է միայն գուշակել՝ ինչո՞ւ պաշտպանական գործողություններ կազմակերպելու համար վրացական բանակը չօգտագործեց լեռնային տեղանքը, «աղիքի» պես շարասյունով առաջ շարժվող զրահատեխնիկան չվերածեց պողպատե գերեզմանոցի, իսկ ռուսական բանակն այդպես էլ ոչ ոքի չհանդիպեց, գոնե օջախային դիմադրության՝ միաժամանակ դրսևորելով մոբիլության և տարրական կազմակերպվածության աղաղակող դեֆիցիտ:

Այնպես որ, եթե անգամ մարտական դասեր վերցվեն, ապա դրանք կլինեն դասեր, թե ինչպես չի կարելի պատերազմել: Լավ է, որ մարտական գործողությունները շուտով դադարեցվեցին և չվերածվեցին արյունոտ հետևանքներով քաոսային գործընթացի: Այլ հարց են քաղաքական դասերը: Չափազանցություն չի լինի ասել, որ շատ քիչ նշաններ կան, թե քաղաքական դասեր են առնվել, ամփոփվել են պատերազմի քաղաքական արդյունքները: Ավելի շատ զգացմունքներ և ավելի շատ «հաջողակի դեմք անհաջող խաղի ժամանակ», քան բաց և անկեղծ խոսակցություն:

Այս պատերազմի մասին խոսելով հնգամյա «հեռվից»՝ ծագում է յուրաքանչյուր պատերազմից հետո հաճախ տրվող հարցը՝ ի՞նչ ստացան կողմերը դրա արդյունքում:

2008 թվականի ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի Բուխարեստյան գագաթնաժողովին Վրաստանին չարժանացնելով գործողությունների պլանին, Ռուսաստանին տրվեց ոչ թե կառուցողականության, ինչպես կցանկանար Արևմուտքը, այլ թուլության նշան, ինչպես դա վաղուց ընդունված է ընկալել Կրեմլում: Ռուսական մամուլում տեղ գտած մեծաթիվ հրապարակումներից դատելով՝ նույն այդ շրջանում սկսվեց «բարեկամության պարտադրման» գործողության նախապատրաստումը, ինչպես օգոստոսին հեգնանքով վերակոչեցին «Վրաստանին խաղաղության պարտադրման» գործողության նպատակների մասին ռուսական իշխանությունների հայտարարությունները:

Պատերազմը սկսող «մեղավորի» առթիվ կարծիքները տրամագծորեն հակառակ են: Սակայն 21-րդ դարում ամեն գաղտնի բան շատ արագ է հայտնի դառնում: «Իսկապես, մենք անհանգստացած էինք, որ ռուսները կսադրեն Սաակաշվիլիին, և որ նա թույլ կտա նրանց սադրել իրեն»: Սրանք ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի խոսքերն են: Հաջորդող իրադարձությունները և ամենակարևորը՝ 2011 թվականից Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի գործողություններն ամենևին էլ պայմանավորված չեն օսերի և աբխազների հանդեպ ալտրուիզմով, այլ հենց երբեմնի հզոր երկրի ղեկավարության կայսերական ֆանտոմային ցավերով, ղեկավարության, որը խոսքով «բարձրանում է ծնկներից», սակայն իրականում ավելի և ավելի է ընկղմվում ինտելեկտուալ լճացման և ինքնամեկուսացման մեջ:

Ի՞նչ պատահեց արդյունքում Վրաստանի հետ: Վրաստանը, ինչպես և սպասելի էր, կորցրեց ինքնիշխան իր նախկին հատվածների վրա վերահսկողությունը, գոնե այն ավանդական իմաստով, որը ներառված է «վերահսկողություն» բառի մեջ: Սակայն դրա փոխարեն նա ստացավ պատմական ընթացքի ազատություն և իր հետագա բոլոր սխալների համար իրավունք ստացավ ինքը պատասխանել: Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր այդ դեպքում որևէ առնչություն չեն ունենա: Եվ ամեն անգամ, երբ Վրաստանի ներկայիս կամ ապագա ղեկավարությունը, ներքին բարեփոխումների հարցերի փոխարեն «շեղվի» դեպի «տարածքային ամբողջականության վերականգնման» հարցը, դա կխաթարի նրա՝ զարգացման և պետականության կայացման իրական ճանապարհը: Դրանում մեղավոր կլինեն հենց միայն նրանք:

Ռուսաստանը թեպետ Վրաստանին «խաղաղություն պարտադրեց», ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, սակայն դրանով իր իսկ Հյուսիսային Կովկասում բացեց Պանդորայի արկղը: Եթե պատերազմի սկզբի համար Մոսկվան Վրաստանի համար թակարդ լարեց, որը «շրխկաց» Սաակաշվիլիի առջև, ապա վերջնարդյունքում իր իսկ թակարդում, այդ պայթյունավտանգ տարածաշրջանում մնացին Ռուսաստանը և իր պետականությունը: Սրանից հետո չկա ոչ մի բացատրություն, թե ինչու է Հարավային Օսիան անկախ պետություն, իսկ Հյուսիսային Օսիայի՝ այդ մասին մտածելը, ասենք, «հակասահմանադրական»: Կամ Ինգուշեթիան ու Դաղստանը, ավելին՝ Չեչնիան, որի խաղաղեցմանը Մոսկվան հաջողեց հասնել միայն զինվորական հանցագործությունների գնով: Եվ ինչու Աբխազիան Ռուսաստանի կողմից ճանաչված անկախ պետություն է, բայց եթե այդ մասին մտածեն Կաբարդինո-Բալկարիան կամ Կարաչաևո-Չերքեզիան, դա անպայման «էքստրեմիզմ» կդիտվի: Իսկ ԱՊՀ կազմից Վրաստանի անխուսափելի դուրս գալը և նրա հետագա կյանքն այդ միությունից դուրս անցնելն ուղղակի ցույց տվեցին, որ հետխորհրդային բոլոր միջպետական ձևաչափերը ձևականություն են և իրականության մեջ դրանք գոյություն ունեն միայն այն բանի համար, որպեսզի Ռուսաստանն իրեն հզոր գերտերություն զգա:

Պատերազմը դադարեցվեց ԵՄ այն ժամանակվա նախագահող Ֆրանսիայի և այդ երկրի ղեկավար Նիկոլա Սարկոզիի ջանքերով: Վերջինս կողմերին պատերազմի դադարեցման համաձայնագիր առաջարկեց: Դրանից մեկ տարի անց լեհական և շվեդական դիվանագետների ջանքերով ստեղծված ԵՄ Արևելյան գործընկերության նախագիծը Ռուսաստանի կողմից մարտահրավերի պատասխան դարձավ, եվրոպական անվտանգության մարտահրավեր: Այդ մարտահրավերը սկսեց ուրվագծվել ԽՍՀՄ փլուզման՝ որպես 20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետի, ինչպես նաև, այսպես կոչված, «մաքսային» և «եվրասիական միությունների» մասին Պուտինի հայտարարություններից, որոնք նպատակ ունեն նախկին խորհրդային երկրներին հետ վերադարձնել Մոսկվայի վերահսկողության ներքո: Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մոսկվային դա կհաջողվի միայն ուժային ճանապարհով: Եթե Եվրոպան ասում է` «խաղացեք մեր կանոններով, և ձեզ համար լավ կլինի, ինչպես որ մեզ է լավ», ապա Մոսկվայի մեսիջը հետևյալն է` «խաղացեք մեր կանոններով, հակառակ դեպքում հետո ձեզ կմեղադրեք»: Մոսկվան պարտվում է ստրատեգիապես, բոլոր չափորոշիչներով՝ քաղաքական, տնտեսական, մշակութա-հումանիտար, անգամ մարքեթինգի տեսանկյունից Մոսկվան կորցրել է իր գրավչությունը:

Պատերազմը ցույց տվեց, որ Հարավկովկասյան աշխարհագրական տարածաշրջանն ապահովագրված չէ նմանօրինակ ֆորս-մաժորներից, քանի դեռ տարածաշրջանը ինքնաբավ քաղաքական ուրվագծեր ձեռք չի բերել: Այն, ինչ առաջարկեց Եվրոպան՝ ասոցացման մասին համաձայնագրերը, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար քայլ է: Հարավային Կովկասի՝ երեքից երկու ճանաչված պետությունները՝ Հայաստանն ու Վրաստանը խոսում են իրենց եվրոպական ընտրության մասին, սակայն հետևելով ընթացիկ զարգացումներին` պետք է ընդգծել, որ այդ ընտրությունը չի կարող «անպատիժ» մնալ պուտինյան Ռուսաստանի կողմից, որը Արևելյան գործընկերության տարածաշրջանին նայում է 19-րդ դարի կայսերական հայացքով: Նրա հարևանները դեռ շարունակում են լինել «կամ իր վասալները, կամ թշնամիները»:

Ռուսաստանն ինքն է հակամարտություններ հրահրել, ինքը կառավարել դրանք՝ տասնամյակներ շարունակ մխրճվելով ունիկալ տարածաշրջանի միջէթնիկական վայրիվերումների մեջ, մանիպուլյացիայի ենթարկելով ազգերի և էթնոսների զգացմունքները, նույն բանով զբաղվելով նաև այժմ: Պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ բաց թշնամանքը վտանգավոր է, սակայն նրա բարեկամությունը ևս ծանր է՝ նուրբ ասած: Հարցրեք աբխազներին և օսերին: Պատերազմը նաև ցույց տվեց, որ կարելի է զղջալ անցյալի սխալների համար, սակայն պատմության անիվները անհնար է հետ պտտել, նույնիսկ եթե շատ ուժեղ ես: Սա նաև լավ դաս է Բաքվի վայ-բոնապարտներին:

Ինչպե՞ս թույլ չտալ, որ այս ամենը կրկնվի: Համաշխարհային երկու պատերազմ հաղթահարած միավորված Եվրոպայի փորձը նախևառաջ հակամարտությունների կանխարգելման և կարգավորման փորձ է: Այդ իսկ պատճառով Արևմտյան ընկերակցությանն անհրաժեշտ է երկխոսություն սկսել Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի, ինչպես նաև Ռուսաստանի հետ: Սա ժամանակի պահանջն է՝ չնայած շարունակվող ճգնաժամին: Անվտանգության հարցը մի տարր է, որն առայժմ բացակայում է ԵՄ Արևելյան գործընկերության ռազմավարությունից, սակայն այն կենսական անհրաժեշտություն է ԵՄ հետ քաղաքական ասոցացման գործընթացը հաջողելու համար: Պետք է սկսել տարածաշրջանային երկրների անվտանգության համակարգերի դիվերսիֆիկացման գործընթացը, հատկապես և առաջին հերթին՝ Հայաստանի, քանզի միայն Հայաստանն է հանդիսանում ՀԱՊԿ անդամ: Անհրաժեշտ է մշակել անվտանգության տարածաշրջանային ձևաչափ և հակամարտություններին թույլ տալ բնական փոխակերպման ճանապարհ անցնել՝ հույսը չդնելով «մեծ եղբայրների» տրամադրած «արտոնությունների» վրա:

08.08.08 թվականի պատերազմն արդեն պատմություն է: Դրանից կարելի էր հեշտորեն խուսափել, սակայն պատմության գլխավոր դասերից մեկն էլ կայանում է նրանում, որ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում: Ինչպես գրել է Ուինսթոն Չերչիլը, ցանկացած պատերազմ մեծամասամբ սխալների ցանկ է: Պատմությունը մեր ամենօրյա գործերով կերտում ենք մենք բոլորս: Եվ մեր հայեցողության տակ է՝ կկրկնե՞նք սխալները, կանե՞նք նորերը, թե՞ կձգտենք խուսափել դրանցից և կշարունակենք ապրել և արարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել