Bravo.am-ը գրում է.
Անահիտ Կիրակոսյանն ամուսնու եւ ավագ որդու հետ նախորդ շաբաթ Եգիպտոսում էր: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նոր ուժերով վերադարձել է եւ պատրաստ է անցնել աշխատանքի. նկարահանվում է «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում:
«Մեր ամուսնության 9 տարին էր, որոշեցինք ճամփորդել ընկերուհուս ընտանիքի հետ: Բոլորիս համար անասելի դժվար տարի էր, իսկապես ցանկություն կար կտրվելու իրականությունից եւ մի փոքր երազելու, դրականով լցվելու եւ հանգստանալու»,-ասել է նա:
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին ակտիվ հանգստի սիրահար չէ.«Սիրում եմ երկար նստել եւ նայել ծովին, զգալ բնությանը մոտ, մնալ ինքս ինձ հետ, զգալ բնության հոտը, զրուցել, այսպես եմ իմ հանգիստը պատկերացնում, ծովն ու ալիքներն են ինձ գրավում, անսահմանությունն ու գեղեցկությունը: Արեւայրուքի եւ գնումների սիրահար չեմ»:
Անահիտը կարեւորել է նաեւ այն փաստը, որ հանգիստն անցկացրել են որդու հետ. «Ինձ համար շատ կարեւոր էր մի ամբողջ շաբաթ նրան նվիրելը, զրուցել եւ բացահայտել՝ ինչպես է: Չէ՞ որ այս տարի բոլորս կարծես կտրվել էինք սովորական զրույցներից, ապրելուց: Բոլորիս միտքն ու հոգին սահմանում էր, եւ մինչեւ հիմա էլ հասկանում ենք, որ առաջվանը էլ չենք լինի, ուղղակի փորձում ենք ապրել: Եվ հիմա, ավելի քան երբեւէ, պետք է մեր երեխաների հետ լինենք, խոսենք, բացատրենք: Վստահ եմ՝ Հայկս դառնալու է ազգին պիտանի զավակ, չէ՞ որ նա իմ հայ ասպետն է»: