Tesla-ի և SpaceХ-ի հիմնադիր Իլոն Մասկը 100 մլն դոլար է ներդրել X Prize Foundation հիմնադրամում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Գումարը կուղղվի մրցույթի մասնակիցներին՝  գլոբալ տաքացման, մասնավորապես ածխաթթու գազի հավաքման խնդրի լուծման համար լավագույն տեխնոլոգիայի նախագծերին: Հայտերի ընդունումը կմեկնարկի Երկրի օրը՝ ապրիլի 22-ին։

Առաջին եռյակի հաղթողների անունները կհայտարարվեն 2025 թվականի նույն օրը: Մրցանակը կլինի՝ առաջին տեղի համար՝ 50 մլն դոլար, երկրորդ տեղի համար՝ 20 մլն դոլար, և երրորդ տեղի համար՝ 10 մլն դոլար:

Չորս տարվա ընթացքում մրցույթի մասնակիցները պետք է գործնական միջոց գտնեն մթնոլորտից և ջրից ածխաթթու գազի առանձնացման, ինչպես նաև շրջապատից դրա մեկուսացման համար: Ծրագրի համաձայն ՝ ստեղծված մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի օրական մեկ տոննա ածխաթթու գազ հեռացնել ՝ հետագայում մինչև գիգատոննա։ Այնպես որ, տեխնոլոգիան կարող է օգնել պայքարել գլոբալ տաքացման դեմ:

«Մենք փնտրում ենք ոչ թե տեսական, այլ իրական միջոց, որը կարող է օգնել ողջ մարդկությանը։ Ածխաթթու գազը սպառնալիք է մեր քաղաքակրթության հետագա գոյության համար, ուստի մեզ պետք են թիմեր, որոնք կարող են ոչ միայն հորինել, այլև ստեղծել իրական համակարգեր, որոնք կարող են օգնել նվազեցնել ածխածնի երկօքսիդի մակարդակը: Ժամանակն այս գործում շատ կարևոր է»,- ասել  է Մասկը։

Բացի այդ, կհիմնվի 25 ուսանողական կրթաթոշակ ՝ յուրաքանչյուրը 250 հազար դոլար։ Ընտրությունը տեղի կունենա առաջիկա 18 ամիսների ընթացքում, մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հրապարակային կդառնա այս տարվա ապրիլի 22-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել