Եսենինիի կինը՝ Զինաիդա Ռայխը, ամուսնացած լինելով հայտնի ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդի հետ, Սերգեյի մահից հետո խելագարվում է, և մի քանի տարի անց, ճակատագրի դառը հեգնանքով, մահացու եռանկյունու տրամաբանությամբ՝ երեքն էլ պառկում են կողք կողքի, նույն գերեզմանատանը...
Խելագարված Զինաիդան և Վսեվոլոդը սպանվեցին իրենց տանը՝ սովետական իշխանության կողմից մեղադրվելով լրտեսության մեջ... Այն, ինչ բաժանել էր կյանքը, նույն տանջալի մահը նրանց հավերժ միացրեց...
Երևի սա էլ մեծ սփոփանք է, դառը սփոփանք... Ո՞վ գիտե...
Նամակ կնոջը
Հիշում եք,
Անշուշտ, ողջն հիշում եք դուք,
Ես կանգնած էի
Լուռ, հենված պատին,
Հուզմունքից քայլում
Եվ ինչ-որ շատ թունդ
Խոսքեր էիք դուք
Նետում ճակատիս:
Դուք ասում էիք՝
Պետք է բաժանվել.
Որ տանջել է ձեզ
Իմ կյանքը անսանձ,
Որ դուք ուզում եք
Արդեն գործ անել,
Մինչդեռ պետք է ես
Գլորվեմ դեռ ցած:
Սիրելիս,
Դուք ինձ չեք սիրել բնավ,
Դուք չգիտեք, որ ես այս կյանքում,
Նման եմ եղել ձիուն քրտնած,
Որին հեծյալը քշել է անքուն:
Դուք չգիտեիք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այս պտտանում,
Նրա համար եմ տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ, թե բախտն ուր է տանում:
Դեմքը դեմքի դեմ՝
Չես տեսնի սակայն,
Հեռվից է միշտ էլ մեծը երևում,
Դժվար է այնպես ու օրհասական
Վիճակը նավի, երբ ծովն է եռում:
Երկիրը նավ է...
Ու մեկը հանկարծ
Նոր ու փառավոր մի կյանքի համար
Մեր երկրի նավը դեպի փոթորկված
Ծովի տարերքը տարավ վեհաբար:
Բայց նավի վրա մեզանից այդ ո՞վ
Վատ չի զգացել սրտախառնուքից:
Քչերը եղան, որ փորձված հոգով,
Չտատանվեցին հողմից ու բուքից:
Ու ես էլ այնժամ,
Երբ խոլ ու աղմուկ էր,
Իմ գործին այնպես գիտակ ու հմուտ,
Որ էլ չտեսնեմ սրտախառնուքը,
Իջա այդ նավի ներքնահարկը մութ:
Իսկ դա ռուսական
Պանդոկն էր խավար,
Ու ես գավաթին թեքվեցի անքուն,
Որ չտառապեմ ոչ ոքի համար:
Խորտակվեմ հարբած
Այդ զառանցանքում:
Սիրելիս,
Ես ձեզ տանջել եմ անվերջ,
Թախիծ կար ձեր լուրթ,
Հոգնած աչքերում,
Որ պանդոկային կռիվների մեջ
Ես իմ կյանքն էի
Անփույթ սպառում:
Բայց չգիտեինք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այդ պտտանում,
Նրա համար եմ
Տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ, թե բախտն ուր է տանում:
Տարիք են անցել:
Հասակս այն չէ:
Այլ կերպ եմ հիմա զգում ու խորհում:
Ու միշտ տոնական գավաթի առջև
Ես ղեկավարի փառքը ներբողում:
Պատել է այսօր
Ինձ մի նուրբ հուզում,
Հիշել եմ հոգնած տխրությունը ձեր
Եվ հաղորդել եմ
Հիմա ձեզ ուզում,
Թե ինչ էի ես
Ու ինչ եմ դարձել:
Եվ հաճելի է
Ինձ համար այնքան
Հայտնել ձեզ, որ ես փրկվեցի վիհից
Եվ հիմա երկրում մեր սովետական
«դարձել եմ մոլի ու թունդ ուղեկից»:
Ես այն չեմ հիմա,
Ինչ էի առաջ,
Ձեզ առաջվա պես
Չէի տանջի էլ...
Ես ազատության
Դրոշը առած,
Պատրաստ եմ մինչև
Լամանշը քայլել:
Ներեցեք,
Գիտեմ, հինը չեք էլ դուք,
Ամուսին ունեք լուրջ, մեծապատիվ,
Ձեզ պետք չէ բնավ
Խոնջանքն իմ հոգու,
Ինքս էլ ձեզ պետք չեմ
Եվ ոչ մի կաթիլ:
Ապրեք
Աստղի տակ ձեր այդ լուսաշող,
Թող բախտը կանգնի միշտ ձեր տան սեմին:
Ջերմ ողջույններով,
Ձեզ հավետ հիշող
Բարեկամը ձեր՝
Սերգեյ Եսենին:



