«Ես դեպրեսիա ունեմ», - հաճախ ենք կրկնում այս արտահայտությունը` առանց երկար մտածելու, թե ինչ է դա իրենից իրականում ներկայացնում: Նշենք, որ նախ և առաջ դեպրեսիան միայն ցածր, ընկճված տրամադրությունը չէ: Մարդուն հատուկ է ապրել այնպիսի բացասական հույզեր, ինչպիսիք են, օրինակ, տխրությունը, վիշտը, ընկճվածությունը և այլն: Սա բավականին նորմալ երևույթ է հոգեպես առողջ մարդու կյանքում: Որոշ ժամանակ անց տրամադրությունը նորից բարձրանում է, և մարդ շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Ի հակադրություն սրա` դեպրեսիան սովորաբար տևում է ոչ թե օրեր, այլ մի քանի ամիսներ, նույնիսկ` տարիներ: Դեպրեսիայի ժամանակ տրամադրության անկումից բացի, հիվանդի մոտ նկատվում են նաև հոռետեսություն, ակտիվության փոփոխություն, խուճապ, ուշադրության անկայունություն, մտածողության և շարժումների դանդաղում, հյուծվածություն, ինքնագնահատականի իջեցում: Այսօր ուզում եմ ձեզ առաջարկել դեպրեսիան հաղթահարելու 7 միջոց:
1. Ձեզ համար փոքրիկ «անկյուն» ստեղծեք
Անկախ այն հանգամանքից, որ դուք ապրում եք կնոջ, ամուսնու, քրոջ կամ եղբոր հետ, տանը ունեցեք ձեր մի փոքրիկ անկյունը, ձեր աշխարհը: Այդ անկյունը «լցրեք ձեզնով», ձեր սիրելի իրերով, գրքերով: Այդ անկյունում դուք ձեզ հարմարավետ ու ապահով կզգաք: Եվ ամեն անգամ, երբ հոգնեք արտաքին աշխարհից, «առանձնացեք» ձեր աշխարհում:
2. Մնացեք մենակ
Տարածված կարծիք կա, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդը պետք է որքան հնարավոր է շատ շփվի, խոսի, մենակ չմնա: Բայց հաճախ դա հակառակ ազդեցություն է ունենում և ավելի խորացնում դեպրեսիան: Այդ իսկ պատճառով հաճախ մենակ մնացեք ինքներդ ձեզ հետ, լսեք ձեր մտքերը, հասկացեք ինքներդ ձեզ: Մարդը ինքն իրեն բոլորից լավ է կարողանում հասկանալ ու օգնել, կողքից խորհուրդ տվողները չգիտեն` ինչն է ձեզ համար իրականում լավ, ինչը` վատ:
3. Սպորտով զբաղվեք
Կանոնավոր կերպով զբաղվեք ֆիզիկական վարժություններով: Դրանք օգնում են նվազեցնել սթրեսի և տագնապի զգացողությունը, որոնց բարձր մակարդակը կարող է ուժեղացնել դեպրեսիան: Սպորտով զբաղվելը առաջին հերթին ձեզ կշեղի տանջող մտքերից: Դուք զբաղված կլինեք և ժամանակ չեք ունենա կենտրոնանալ կպչուն մտքերի վրա: Եվ երկրորդ` սպորտով զբաղվելը շատ դրական ազդեցություն կթողնի ձեր առողջական ինքնազգացողության վրա: Հաղթահարելով դեպրեսիան` դուք կունենաք հրաշալի հոգեկան և ֆիզիկական վիճակ:
4. Օգտագործեք առողջ սնունդ և շատ ջուր խմեք
Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը: Օգտագործեք առողջ սնունդ, հատկապես՝ մրգեր, բանջարեղեն՝ հարուստ վիտամին Е-ով ու C-ով: Շատ հեղուկ օգտագործեք, ամենաքիչը օրական 4-5 բաժակ, դա օգնում է օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը:
5.Ժամանակ հատկացրեք «ոչինչ չանելուն»
Սա շատ կարևոր է: Օրվա մեջ գոնե 1 ժամ հատկացրեք «ոչինչ չանելուն»: «Ոչինչ չանելը» ամեն մեկը հասկանում է յուրովի` պառկեք բազմոցին, գիրք կարդացեք, հեռուստացույց նայեք, ֆիլմ նայեք, երաժշտություն լսեք, զբոսնեք... Արեք մի բան, ինչը պարտադրված չի, այլ ձեր սիրտն է ուզում:
6. Բավարար ժամանակ հատկացրեք քնին
Եթե ցերեկը քնելու հնարավորություն չունեք, ապա բավական ժամանակ հատկացրեք գիշերային քնին, պառկեք քնելու մինչև կեսգիշերը: Շատ քիչ քունը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Մարդու ամեն օրվա քնի միջին տեւողությունը պետք է լինի 7,5-9 ժամ` երեխաներին մինչեւ 12 ժամ. ընդ որում, 1-2 ժամը պետք է լինի մինչեւ կեսգիշերվա ժամը, քանի որ մինչեւ կեսգիշերվա յուրաքանչյուր 1 ժամվա քունը համարժեք է կեսգիշերվանից հետո 3 ժամվա քնին: Ըստ տարբեր ուսումնասիրությունների` քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու հնարավոր չէ ապրել երկու օրից ավելի:
7. Կանգ առեք
Ինչպես ասում էր Սթիվ Ջոբսը` եթե դուք ամեն օր հայելու մեջ նայելիս հարցնում եք ինքներդ ձեզ «արդյո՞ք ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ, ու ստանում եք բացասական պատասխան, կանգ առնելու ու կյանքը փոխելու ժամանակն է»: Կարողացեք կանգ առնել այն պահին, երբ զգում եք, որ ձեր ապրած կյանքը, այն, ինչ դուք անում եք, ձեր աշխատանքը, շրջապատը ձեզ դուր չեն գալիս: Մի ստիպեք ձեզ անել մի բան, որը ձերը չէ, դա դեպրեսիայի մեջ ընկնելու ամենագլխավոր ու հիմնական պատճառներից է:
Ընդհանրացնելով այս ամենը` դեպրեսիայից դուրս գալու համար պետք է`
1. Փոխեք ձեր կյանքի ոճը
- ֆիզիկական վարժություններ (սպորտ)
- բավարար քուն
- առողջ սնունդ
- ձգտում դեպի նպատակները
-փոխեք միջավայրը
-պատասխանատվություն սեփական կյանքի հանդեպ
- թուլացում
2. Փոխեք ձեր գիտակցությունը
-մտածեք - կարողացեք կանգ առնել
-տրամաբանեք
- ընտանիքի և ընկերների օգնությանը դիմեք
- աջակցություն գտեք
-ինչ-որ նոր բան արեք