Պատմության մեջ առաջին անգամ միկրոկենսաբաններին հաջողվել է ստեղծել ռոբոտներ, որոնց հնարավոր է կենդանի համարել։ Արհեստական բանականություն ունեցող հումանոիդ բոտերի վրա գիտնականներն աշխատում են վաղուց։

Յուրաքանչյուր այդպիսի ռոբոտ ունի մաշկի արտաքին թաղանթ՝ աճեցված մի գորտի ցողունային բջիջներից, որն անվանվում է Քսենոփուս Լաևիս։ Գորտն ապրում է աֆրիկյան անտառներում, և հենց նրա «պատվին» էլ ռոբոտներին տրվել է «քսենոբոտ» անվանումը։ Վերջիններս ունեն նաև յուրօրինակ սիրտ, որն իրենից ներկայացնում է կծկվող մկան։ Հենց դրա հաշվին էլ ռոբոտը կարողանում է առաջ ու հետ շարժվել։ Ռոբոտների մարմնակազմությունը շատ պարզ է. բացի վերոնշյալ երկու օրգաններից այլևս ոչինչ չունեն դրանք։ Օրգանիզմները շատ փոքր են. դրանց չափերը կազմում են ընդամենը 1 մմ։

Մինիբոտներին ստեղծում է հատուկ համակարգչային ծրագիրը, որը նրան որոշակի առաջադրանքներ է տալիս։ Համակարգչային սիմուլյացիան օգտագործում են արհեստական բանականության զարգացման համար։ Ծրագիրը մոդելավորում է բնական ընտրության գործընթացը, որը գոյություն ունի բնության մեջ։ Մինիբոտները սովորում են ոչ միայն տեղաշարժվել, այլև լողալ, ինչպես նաև այլ առարկաներ տեղաշարժել։

Մինիբոտների գլխավոր առանձնահատկություններից մեկը, որը տարբերակում է դրան այլ ռոբոտներից, այն է, որ դրանք ունակ են ինքնուրույն ռեգեներացվելու՝ օգտագործելով սեփական օրգանիզմի ռեսուրսները։ Ինչպես նաև այս ռոբոտները կարող են երկար ժամանակ գոյատևել առանց սննդի՝ օգտագործելով նախկինում պահեստավորած սպիտակուցները։ Սա հեղափոխական մոտեցում է ռոբոտատեխնիկայում։ Եվս մեկ կարևոր առանձնահատկություն է այն, որ այս ռոբոտներն ամբողջապես քայքայվում են, երբ դադարում են իրենց գործունեությունը՝ ինչպես օրգանական միացությունները։

Հետագայում նախատեսվում է քսենոբոտներին օգտագործել տարբեր ոլորտներում, օրինակ՝ բժշկական։ Դրանք կկարողանան նաև օգնել պայքարել ռադիոակտիվ թափոնների դեմ՝ հավաքելով դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել