1in.am-ը գրում է.
The American Conservative պարբերականում Ուոլթեր Ռասել Միդը փորձում է գտնել հարցի պատասխանը, թե արդյոք Հայաստանը չի՞ փոխի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում:
«Աճող լարվածությունը կարևոր աշխարհաքաղաքական հետևանքներ ունի ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև Իրանի համար: Թեհրանը վերջին ժամանակներս փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Երևանի հետ՝ ցանկանալով զարգացնել կապերը տնտեսության ու անվտանգության ոլորտում: Սակայն եթե Երևանը դրա փոխարեն որոշի անցնել ԵՄ-ի ու Արևմուտքի կողմը՝ հեռանալով Ռուսաստանից ու Իրանից, ապա Թեհրանը կհայտնվի առավել մեծ մեկուսացման մեջ, քան այժմ է:
Նման բան տեղի չի ունենա՝ ինչո՞ւ: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարությունը չունի ցանկություն ճեղքեր ստեղծելու Մոսկվայի հետ հարաբերություններում, իսկ Հայաստանը որպես հովանավորի Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը՝ Հայաստանի: Եթե պատկերացնենք, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է վերջ դնել Մոսկվայի հետ իր ռազմական կապերին, որոնք հաստատել էին սառը պատերազմի ավարտից հետո, ապա ինչպե՞ս նա «կգնա» Արևմուտքի կողմը: Բազմաթիվ պատճառներից մեկը, որ Հայաստանին վերջին երկու տասնամյակի ընթացքում պահում է ռուսական ուղեծրում, այն է, որ ԱՄՆ-ը հիմնականում արհամարհում է այդ երկիրը՝ ղարաբաղյան պատերազմից հետո աջակցելով Հայաստանի հարևաններ Թուրքիային ու Ադրբեջանին:
Ռուսաստանն ու Իրանը տասնամյակներով պահպանում են լավ հարաբերություններ Հայաստանի հետ և թույլ չեն տալիս նրան հայտնվել տնտեսական շրջափակման մեջ: Նման իրավիճակում ինչպիսի՞ խթաններ կարող են Հայաստանին ստիպել թուլացնել այդ հարաբերություններն ու մերձենալ այն պետությունների հետ, որոնք ավելի մեծ ուշադրություն են դարձնում Թուրքիային ու Ադրբեջանին:
Եթե նույնիսկ Հայաստանը մտնի ԵՄ (ինչը ցանկացած դեպքոմ կլինի շատ երկարատև գործընթաց), այն միանշանակ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա: Հայաստանը չի կարող Հյուսիսատլանտյան դաշինք մտնել՝ առանց կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հարցը:
Սակայն ո´չ Հայաստանի կառավարությունում, ո´չ էլ նրա սահմաններից դուրս չկան ոչ մի նշաններ, որոնք վկայում են նման ձգտման առկայության մասին: Ջոշուա Կուչերան անցած տարի ամփոփել է այդ իրավիճակի արդյունքը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին զեկույցում. «Կա ըմբռնում առ այն, որ Ռուսաստանի հետ Հայաստանի կապերն այնքան ամուր են, որ համագործակցության առանձին ծրագիրը ԱՄՆ/ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կերպ դրանց վրա չեն ազդի»:
Չնայած հայ հասարակությունը ներկայում կարող է զայրացած լինել, սակայն հայերի մեծ մասը ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, մեծ մասը հանդես է գալիս Մաքսային միության կազմում ընդգրկվելու օգտին, իսկ 2011 թվականի դրությամբ հայերի 75 տոկոսը հավանություն է տվել Ռուսաստանի ղեկավարության գործունեությանը: Հայաստանն այն երկիրը չէ, որին Ռուսաստանը կարող է «կորցնել» մոտ ապագայում»,- եզրափակում է հոդվածագիրը: